ԱՄԱՐԱՍ.ԱՐՑԱԽԻ ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ԱՄԱՐԱՍ.ԱՐՑԱԽԻ ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ

2016-09-08T11:47:17+00:00 08/09/2016|Լրահոս|

Ամարասն Արցախ աշխարհի այն տոկուն ու հավերժական հուշարձաններից մեկն է, որն ամեն անգամ արվելուց հետո վերստին վերակնգնվել է։ Արցախի տարածքում գտնվող հուշարձանների մեջ առանձակի տեղ զբաղեցնելով՝ Ամարասի վանքն առնչվում է Արցախում և Ուտիքում քրիստոնեության տարածման առաջին քայլերի հետ, այն հետագայում մշտապես եղել է երկրամասի հոգևոր-մշակութային կենտրոններից մեկը։

Ըստ հայ հին մատենագրության՝ դեռևս IV դարի սկզբին, Գրիգոր Լուսավորիչն այստեղ հիմնադրել է Ամարասի եկեղեցին, որի կառուցման ավարտը կապված է Լուսավորչի թոռան՝ Գրիգորիս եպիսկոպոսի անվան հետ։ Դարի 30-ական թվականների վերջին վանքն արդեն եպիսկոպոսանիստ էր և իր այդ դերը պահպանեց մինչև XIX դարը։

Ամարասի վանքն, ըստ երևույթին, ավերվել է V դարում՝ Վարդանանց պատերազմի օրերին։ Սակայն վերանորգվել է նույն դարի վերջում։ Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը՝ հայոց արևելյան նահանգներ գալով, հենց Ամարասից է սկսել հայերեն գրերի տարածումը և, բնականաբար, առաջին դպրոցն էլ բացվել է հենց Ամարասում։

Ամարասը կրկին փորձությունների է ենթարկվել Արաբական արշավանքների առաջին շրջանում։ IX դարում այն վայելում էր Դիզակի քաջ իշխան Եսայի Աբու-Մուսեի հովանավորությունը, ինչի շնորհիվ էլ վերականգնվել ու բարգավաճել է։

1223 թվականին Ամարասը դարձյալ վտանգվում է. այս անգամ թաթար-մոնղոլներն են կողոպտում վանքի հարստությունը։ Այդ գողացված գանձերի մեջ էին V դարից մնացած Ս․ Գրիգորիսի գավազանն ու 36 ակներով զարդարված մի ոսկեձույլ խաչ։ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ Հունաստանի կայսեր Դեսպինա դստեր առաջարկով խաչն ու գավազանն ուղարկվում են Կ․ Պոլիս։ Հետագայում, մոտավորապես 1387 թվականին, Ամարասն Արցախի տասնյակ վանքերի նման ենթարկվում է լենկթեմուրյան հրոսակների ասպատակություններին։ Ավանդազրույցը պատմում է, որ Լենկթեմուրն իր զորքերը շարել է Ամարասից մինչև Արաքս գետը և հրամայել վանքի քարուքանդ պատերի քարերը միմյանց փոխանցելով թափել Արաքսի մեջ։ Սակայն, դարձյալ ըստ ավանդության, ասպատակիչները դեռ նոր էին հեռացել, երբ վանքը վերստին կանգնում է իր նախկին շուքով։

Վանքը բարեկարգվում է XVI դարի երկրորդ կեսին։ Վանարդայի մելիքներից մեկն այն նորոգում և պարսպապատում է XVIII դարում, կառուցում բազմաթիվ օժանդակ շինություններ։

Վերջին անգամ՝ 1858 թվականին, Ամարասը հիմնովին նորոգվել է շուշեցիների օժանդակությամբ։ Սակայն ինչպես այս վերջին, այնպես էլ նախորդ նորոգումների ժամանակ վանքի արձանագրությունների մեծ մասը ոչնչացել է։

Ուշագրավ է, որ 1980-ականների կեսերին եկեղեցու ներսում՝ արևմտյան պատի ծեփը կիսով չափ թափվելուց հետո, բացվել է արձանագրություն պարունակող մի բեկոր, որը ժամանակին օգտագործվել է որպես շինաքար։ Ամարասում գտնվող մի ուրիշ խաչքարի արձանագրություն, ամենայն հավանականությամբ, կարելի է համարել հնագույններից մեկը, որը թվագրվում է 925 թվականով։

Վանքի հնագիտական արժեքը գնահատելու համար կարևոր դեր ունի նահատակ Ս․ Գրիգորիսի ստորգետնյա դամբարան-մատուռը, որը գտնվում է այժմյան եկեղեցու բեմի տակ։

Ամարասի ներկայիս կանգուն եկեղեցին վերակառուցվել է 1858 թվականին՝ կաթնագույն ֆելզիտի մաքուր տաշած քարով։ Այն եռանավ բազիլիկ հորինվածք ունի։ Երկթեք տանիքի վրա բարձրանում է փոքրիկ զանգակատան վեց սյունանի կաթողիկեն։ Հետաքրքիր է, որ մինչև վերջին կառուցումը Ամարասի եկեղեցին ունեցել է գմբեթանման երեք զանգակատներ։ Ուսումնասիրողները գտնում են, որ այժմյան եկեղեցին վերակառուցելիս շինարարները չեն կրկնել նախորդի հորինվածքը։

Վանքն ունի ուղղանկյուն հատակագծով պարսպապատեր՝ չորս անկյուններում տեղադրված կլոր բուրգերով։ Պարսպի երկարությունը արևելքից արևմուտք 85 մետր է, լայնությունը՝ 59-ը, բարձրությունը՝ հինգը մետր։