ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԱՄԲԵՐԴ ԱՄՐՈՑ» ԱՐԳԵԼՈՑ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԱՄԲԵՐԴ ԱՄՐՈՑ» ԱՐԳԵԼՈՑ

2021-11-17T14:04:31+00:00 22/08/2018|Լրահոս|

ՀՀ  մշակույթի  նախարար  Լիլիթ  Մակունցը  և նախարարի  տեղակալ  Տիգրան  Գալստյանը երեկ «Ամբերդ  ամրոց»  պատմամշակութային արգելոցում էին:  Նրանք  շրջել են հուշարձանի տարածքում, ծանոթացել`  արգելոցի  մուտքից  դեպի Ամբերդ ամրոց  ու  Սուրբ Աստվածածին եկեղեցի տանող  ճեմուղու  սալահատակի  նորոգման  շինարարական  աշխատանքներին:  Նախարար  Մակունցը  իր  նկատառումներն է հայտնել իրականացվող աշխատանքների  վերաբերյալ: 

«Հուշարձանների պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը իր հերթին նշել է, որ ՊՈԱԿ-ը  շինաշխատանքների իրականացման և  վերահսկման իրավասություն չունի:  Չնայած դրան, կազմակերպության ղեկավարն  էլ  վերապահումներ ունի և իր մտահոգությունների մասին  տեղյակ  է  պահել  վերադասին:

Լ. Մակունցը  վստահեցրել է, որ խնդիրը մշակույթի  նախարարության ուշադրության կենտրոնում է` առկա  թերությունները  շտկելու  և  նաև` հետագայում  բացառելու  նկատառումով:     

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի մուտքի  հարևանությամբ,  ավտոկայանատեղիի մոտ  նախատեսվում է տաղավար տեղադրել: Արգելոցը առաջիկայում կանցնի տոմսային տնտեսության: Տաղավարը կծառայի տոմսերի և հուշանվերների վաճառքի կազմակերպմանը: 

Նկատի ունենալով  հավատացյալների  հոսքը  արգելոցի տարածքում  գտնվող  և  անժամկետ` անհատույց իրավունքով Հայաստանյաց Առաքելական եկեղեցուն հանձնված  Ս. Աստվածածին  եկեղեցի,  տաղավարի  մյուս  հատվածում էլ` մոմ  կվաճառվի /աշխատանքները կկազմակերպի եկեղեցու  հոգևոր հովիվը/:  Տաղավարի այդ հատվածի ֆինանսական  ծախսերն էլ  կհոգա  Մայր  Աթոռ սուրբ  Էջմիածինը:

ՀՀ մշակույթի նախարարը, փոխնախարար Տիգրան Գալստյանի, ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ու  սուրբ  Աստվածածին  եկեղեցու  դպիր Խաչիկ Վարդանյանը տեղում քննարկել են նաև վերոնշյալ հարցերը: 

Անդրադարձ  է  եղել  նաև  «Ամբերդ արգելոց»-ի ենթակառուցվածքների զարգացմանը,  ինչը կխթանի զբոսաշրջիկների հոսքին, այցելուների քաղաքակիրթ սպասարկմանը: ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ Մ. Մանուկյանը ու «Ամբերդ ամրոց» արգելոցի վարիչ Ս. Մանուկյանը Լիլիթ Մակունցի ուշադրությունն են հրավիրել Ամբերդ հուշարձան տանող վատ ճանապարհի վրա: