ՊՈԱԿ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 2012 Թ.ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐԳԵՒՆԵՐԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ

ՊՈԱԿ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 2012 Թ.ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐԳԵՒՆԵՐԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ

2013-01-10T16:07:49+00:00 10/01/2013|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ամփոփել է անցած տարվա աշխատանքները, նախանշել՝ 2013-ին իրականացվելիք ծրագրերը։ 2012 թ. արդյունավետ էր հուշարձանների որոլտում իրականացված գիտահետազոտական աշխատանքների ու հանրահռչակման առումով։ Միջոցառումները շատ էին ու խոսուն։ ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը ծառայության աշխատակիցների հետ տարեվերջյան հանդիպմանն անդրադարձել է դրանցից մի քանիսին։ Նա մասնավորապես առանձնացրել է հուշարձանների պահպանության միջազգային օրը, ապրիլի 18-ին, «Զվարթնոց»-ի նոր՝ մշտական ցուցադրության բացումն ու գիշերային լուսավորության ապահովումը։ Վլ. Պողոսյանի գնահատմամբ, կարեւոր էր նաեւ «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով միջազգային գիտաժողովի անցկացումը Երեւանում եւ Ստեփանակերտում։ Մասնակիցների ներկայացուցչական կազմում գիտնականներ էին նաեւ արտասահմանյան տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ, Ուկրաինա եւ այլն։

«Գիտաժողովը կարեւոր էր ինչպես մշակութային, այնպես էլ՝ քաղաքական առումով։ Դա հայկական լեռնաշխարհի ու մասնավորապես պատմական Արցախի մշակութային ժառանգությունը միջազգային մասշտաբով ներկայացնելու եւս մեկ առիթ ու հնարավորություն էր», – խոսքում նշեց ՊՈԱԿ-ի ղեկավարը։

Եւվ մինչ տարեսկզբյան դժվարին աշխատանքին լծվելը, ՊՈԱԿ-ի ղեկավարությունը ամփոփել ու որոշել էր 2012 թ.՝ լավագույն աշխատակիցներին արժանացնել պարգեւների։ ՊՈԱԿ-ի ղեկավարությունը գեղեցիկ նախաձեռնության հիմք է դրել, որը նաեւ շարունակական կլինի։

Նշենք, որ Լոռու եւ Սյունիքի մարզերի հուշարձանների պահպանության, հանրահռչակման ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշանվերով են պարգեւարտվել Լոռու մարզի ՊՄՊ ծառայության պետ Արմեն Գերյանն ու Սյունիքի մարզի ՊՄՊ ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը /վերջրինս հուշանվերը հանձնվել էր ավելի վաղ/։ Հուշարձանների ուսումնասիրության բնագավառում երկարամյա ու անբասիր աշխատանքի համար «Գրիգոր Նարեկացի» հուշանվերի է արժանացել Գրիգոր Ղաֆադարյանը, մշակութային արժեքների եւ հավաքածուների զարգացման, կազմակերպման գործում ներդրած ավանդի համար՝ Քրիստինե Հակոբյանը, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի էքսկուրասավար Լարիսա Հարությունյանը, ինչպես նաեւ Վանաձորի թատրոնի դերասան Ջիվան Սարգսյանը՝ հուշարձանների հանրահռչակման գործում ներդրած ավանդի համար։

Սահմանած անվանակարգերով ՝ լավագույն աշխատակից, ֆոնդապահ, գիտաշխատող եւ այլն, շնորհակալագրերի ու պատվոգրի արժանացան մի շարք աշխատակիցներ։
«Այս տարին հոբելյանական է ՊՈԱԿ-ի համար, լրանում է հիմնադրման 25 ամյակը եւ այդ համատեքստում բազմաթիվ միջոցառումներ են նախանշված։ 2012-ի ձեռքբերումներն էլ պարտավորեցնող են առավել մեծ պատասխանատվությամբ շարունակելու պատմամշակութային ժառանգության պահպանության դժվարին աշխատանքը», -իր խոսքը եզրափակեց ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյանը։