ՋԱՐԴՎԵԼ ԵՎ ՎՆԱՍՎԵԼ ԵՆ ԻՋԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ «ՀԱՅՈՑ ՀՐԵՇՏԱԿ» Եվ «ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ» ՔԱՆԴԱԿՆԵՐԸ

ՋԱՐԴՎԵԼ ԵՎ ՎՆԱՍՎԵԼ ԵՆ ԻՋԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ «ՀԱՅՈՑ ՀՐԵՇՏԱԿ» Եվ «ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ» ՔԱՆԴԱԿՆԵՐԸ

2018-03-29T16:00:19+00:00 17/01/2013|Տավուշ, Լրահոս|

Ս/թ. հունվարի 16-ի գիշերը երկու անհայտ անձանց կողմից բարբարոսաբար ջարդվել եւ վնասվել են Իջեւանի քաղաքային զբոսայգում տեղադրված, պետական սեփականություն հանդիսացող 1987 թ. քանդակ «Հայոց հրեշտակ» /պետ.ցուցիչ` 10.1.-8.36/ եւ 1986 թ. քանդակ «Մայրություն» /պետ. ցուցիչ` 10.1.-8.46/ հուշարձանները:

ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության պետ Ռ. Մուրադյանը կատարվածի մասին գրությամբ դիմել է Իջեւանի քաղաքապետին եւ նրա հետ համատեղ քննարկել խնդիրը: Քաղաքապետարանն իր հերթին դիմել է մարզի դատախազություն` միջոցներ ձեռնարկելու հարցով, իրավախախտներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու խնդրանքով:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախքննություն: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզի դատախազի տեղակալ Ա. Գեւորգյանի հետ: Վերջինս առաջարկել է ՊՈԱԿ-ի տնօրենին տեղեկանք տրամադրել հուշարձաններին հասցված վնասի չափի մասին: Մասնագիտական աշխատանքային խումբը պատճառված վնասի չափը կգնահատի համապատասխան ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո:

Իրավապահների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժին բերման է ենթարկվել Իջեւանի բնակիչ 1960թ. ծնված Մ. Ղալումյանը: