ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՆՇՎԵԼ Է ՆԱԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՆՇՎԵԼ Է ՆԱԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

2018-03-29T15:58:08+00:00 25/04/2013|Լոռի, Լրահոս|

Ապրիլի 18-ին Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան նվիրված բաց դաս եւ վիկտորինա-մրցույթ է անցկացվել Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան թիվ 6-րդ դպրոցում: Դրանք կազմակերպել էին գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժնի գիտաշխատողներ Օ. Ղուբաթյանը և Ն. Մամիկոնյանը: Անբարենպաստ եղանակի պատճառով, դպրոցականների համար նախատեսված` «Լոռի Բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց-թանգարան էքսկուրսիան հետաձգվել է: Միջոցառման սկզբում Օ. Ղուբաթյանը ներկայացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի գործունեությունը, իսկ Ն. Մամիկոնյանն անդրադարձել է Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան` կոչ անելով աչքի լույսի պես պահպանել հուշարձանները, չսահմանափակվել միայն ապրիլի 18–ին կազմակերպված միջոցառումներով: Դպրոցականներին ներկայացվել է նաեւ «Լոռի Բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասին տեղեկույթ: Վիկտորինա-մրցույթի մասնակիցները 8-րդ դասարանի աշակերտներ էին, ովքեր պատասխանել են «Սանահին» վանական համալիրին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանին, «Լոռի Բերդ» քաղաքատեղի’’ արգելոց-թանգարանին առնչվող հարցերին:

Մրցույթի ավարտին ՊՈԱԿ-ի աշխատակիցները դպրոցականներին նվիրել են «Սարուխանի «Պալի Տակ» դամբարանադաշտի նյութական մշակույթը» գրքի և «Գլաձորի համալսարան» տեսաֆիլմի խտասկավառակի օրինակներ: Գլուխկոտրուկների լրակազմերով են պարգեւատրվել ռեֆերատներ ներկայացրած հինգ աշակերտներ:

Դպրոցի գրադարանին են նվիրաբերվել «Մոմիկ», «Սարուխանի «Պալի Տակ» դամբարանադաշտի նյութական մշակույթը» գրքերի, «Գլաձորի համալսարան» տեսաֆիլմի խտասկավառակի երկուական օրինակներ, միջոցառման մասնակիցներին բաժանվել են նաեւ օրվա խորհուրդը բովանդակող բուկլետներ:

Դպրոցականները ներկաներին հարցեր են ուղղել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վերաբերյալ: Նախանշվել է առաջիկայում այցելություն կազմակերպել արգելոց-թանգարան: