«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» ԿԲԱՑՎԻ ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» ԿԲԱՑՎԻ ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումների շրջանակում, օգոստոսի 31-ին` ժամը 15:00-ին, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի Աշոտ Ավագյանի ստեղծագործությունների «Ժառանգության ժառանգորդը» խորագիրը կրող ցուցահանդեսը: «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ Ա. Ավագյանի գեղանկարչական 10 աշխատանք կներկայացվի արվեստասերների դատին` «Աղոթք», «Անհայտացող հիշողություններ», «Երկրպագություն», «Մտասեւեռում» եւ այլն:

Ելակետ ընդունելով տարածքի մշակութային տարբեր շրջանների ժառանգությունը` ժայռապատկերներից մինչև միջնադարյան պատկերագրություն, արվեստագետն իր ստեղծագործություններում կառուցողական մտածողությամբ մշտապես աշխարհընկալման նոր եզրեր է որոնում, որն արտահայտվում է նեոլիթյան ծիսակարգի գեղանկարչական և փերֆորմանսային (վերջին շրջանում նաև լուսանկարչային) դրսևորումներով` ժամանակակից արվեստի յուրօրինակ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Աշոտ Ավագյանը նախորդ տարիներին անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երեւանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում: Իր ստեղծագործությունները հնարավորություն է ունեցել ներկայացնելու արտասահմանյան մի շարք երկրներում` Շվեյցարիայում, Սիրիայում, Կանադայում, Իտալիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կազմակերպված խմբային ցուցահանդեսներում:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ սեպտեմբերի 15-ը: