ԲԱՑ ԵՎ ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՏԱՃԱՐԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ

ԲԱՑ ԵՎ ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՏԱՃԱՐԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ

ՀՀ կառավարության 2003 թ. մարտի 7-ի N 312-Ն որոշմամբ հաստատվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը, որով սահմանված են ՊՈԱԿ-ի իրավասություններն ու լիազորությունները: Կանոնադրության 10-րդ կետը սահմանել է նաեւ կազմակերպության գործունեության առարկան և նպատակը, մասնավորապես պետական սեփականություն հանդիսացող պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, պատմական եւ բնապատմական միջավայրի, պատմամշակութային հողերի, տեղանքապատկերների, մշակութային այլ արժեքների պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը և օգտագործումը: Տվյալ դեպքում հուշարձանի հանրահռչակումը և օգտագործումը իրականացվում են ոչ միայն մշակութային, այլ նաեւ` բաց եւ փակ միջոցառումների միջոցով: Ի դեպ, բաց եւ փակ միջոցառումներ իրականացվում են նաեւ այլ արգելոց-թանգարաններում, եւ այդ միջոցառումների քաղաքականությունը որոշում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը` համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ:

Ս. թ. հունիսի 7-ին և 14-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում նախանշված միջոցառումների եւ աշխատանքային օրերի փոփոխությունների մասին նախապես հայտարարություն է տարածվել: Տեղեկացվել է, որ հունիսի 7-ի փոխարեն արգելոց-թանգարանը կաշխատի հունիսի 9-ին, հունիսի 14-ի փոխարեն` հունիսի 16-ին: Լուրը տեղադրվել է ՊՈԱԿ-ի կայք էջում, մեր ֆեյսբուքյան Armenian Monuments էջում /ս.թ. հունիսի 5-ին/: Այդ մասին էլեկտրոնային փոստով ծանուցվել է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությանը` զբոսաշրջային ընկերություններին իրակազեկելու նկատառումով, հայտարարությունը փակցվել է նաեւ նշված արգելոց-թանգարանում /տեսանելի հատվածում/:

Ինչ վերաբերում է բաց եւ փակ միջոցառման / տվյալ դեպքում հարսանյաց հանդեսի/ վերաբերյալ սոցիալական որոշ ցանցերում հայտնված քննադատությանը, ապա տեղեկացնում ենք, որ այդօրինակ միջոցառումներ նախկինում էլ եղել են: «Զվարթնոց», «Գառնի» տաճարների կամարների ներքո, Աստծո օրհնությամբ եւ եկեղեցու սպասավորների մասնակցությամբ, հարսանյաց ծեսեր են իրականացվել: Միաժամանակ հայտնում ենք, որ բաց եւ փակ միջոցառումները իրականացվել են ու կիրականացվեն բացառապես տաճարի հարևանությամբ գտնվող խոտածածկ հատվածում, հատուկ այդ նպատակով հարմարեցված ժամանակավոր հարթակի վրա: Բուն հուշարձանի տարածքում հարսանյաց հանդես չի կարող լինել եւ չի եղել, ինչպես նշվել է որոշ անձանց կողմից ՖԲ սոցիալական ցանցում:

Մեկ անգամ եւս հիշեցնենք, որ բաց եւ փակ միջոցառումների անցկացումն ընդունված է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ` այլ երկրներում, ինչն էլ իր հերթին նպաստում է հուշարձանի հանրահռչակմանը: