ԲԱՑ ԴԱՍԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ՄԱՐԶԵՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԲԱՑ ԴԱՍԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ՄԱՐԶԵՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2014-09-29T16:18:31+00:00 29/09/2014|Լրահոս|

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում, «Հետադարձ հայացք 100 տարի անց» խորագրի ներքո ս. թ. սեպտեմբերի 27-28-ին միջոցառումներ են անցկացվել Արագածոտնի մարզի Հնաբերդ, Արարատի մարզի Արարատ համայնքների հիմնական, Արարատ քաղաքի, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ավագ դպրոցներում:

Արագածոտնի դպրոցականների համար անցկացվել է «Արագածոտնի մարզի` 1915 թ. Մեծ Եղեռնը հիշատակող հուշարձանները» թեմայով պատմաճանաչողական բաց դաս: Ներկայացվել են մարզում կառուցված` 1915 թ. Մեծ Եղեռնը հիշատակող հուշարձանները: Դասախոսությունն ուղեկցվել է լուսանկարների ցուցադրությամբ: ՊՄՊ մարզային ծառայության պետ Մ. Մանուկյանը և գիտաշխատող Տ. Մանուկյանը դպրոցականներին պատմել են նաև Արագածոտնի մարզի այլ հուշարձանների մասին:

Արարատի մարզի դպրոցականներին ևս պատմական ակնարկի ձևով ներկայացվել են փաստեր Առաջին համաշխարհային պատերազմի և այդ տարիներին Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանության մասին: Բաս դասն անցել է բավական հետաքրքրական մթնոլորտում, դպրոցականները թեմային առնչվող մի շարք հարցադրումներ են արել: ՊՄՊ մարզային ծառայության պետ Ռ. Կարապետյանը խոսել է նաև մարզի հուշարձանների, մասնավորապես մայրաքաղաքներ Արտաշատի, Դվինի, ինչպես նաև Խոր Վիրապի մասին, շեշտել մեր մշակութային ժառանգության պահպանության անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա շաբաթվա ընթացքում առանձին բաց դաս կազմակերպելու հուշարձանների պահպանության թեմայով:

Վայոց ձորի մարզի «Արփի» բնապատմական արգելոցի աշխատակիցները ևս անմասն չեն մնացել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում անցկացվող միջոցառումներից: Արենիի ավագ դպրոցի 7-ից 11-րդ դասարանների աշակերտները / շուրջ 50 մարդ / ունկնդրել են «Առաջին աշխարհամարտը և հետևանքները», «Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» թեմաներով բաց դասեր:
«Արփի» բնապատմական արգելոցի վարիչ Շ. Ղարախանյանը ներկայացրել է, թե երբ և որտեղ է այս միջոցառումը առաջին անգամ նշվել, և ինչն է հիմք ծառայել ծրագրի համաեվրոպականացմանը: Դասախոսության ընթացքում մանկավարժները նաև թեմային առնչվող տարբեր հարցադրումներ են արել: Դպրոցականները ոչ միայն ակտիվորեն պատասխանել են դրանց, այլև` ինքնուրույն կարծիքներ արտահայտել: Համակարգչով ցուցադրվել են նաև թեմաներին առնչվող լուսանկարներ: