ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է ԴՍԵՂԻ ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԲԱՐՁՐԱՔԱՇ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔԸ

ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է ԴՍԵՂԻ ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԲԱՐՁՐԱՔԱՇ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔԸ

2015-06-18T14:50:46+00:00 17/06/2015|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության և Գուգարաց թեմի եկեղեցասիրաց միության գործակցության արդյունքում, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Դսեղի Սբ. Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրում:

Մինչ բարեկարգման աշխատանքները սկսելը Սբ. Հարություն մատուռի և վանական համալիրի մոտ բաց դաս է անցկացվել: Նպատակը` մշակութային ժառանգության հանդեպ մատաղ սերնդի շրջանում սեր ու հարգանք սերմանելն է, հուշարձանի հանրահռչակմանը` նպաստելը: ՊՄՊ մարզային ծառայության գիտաշխատող Հ. Մարուքյանը ներկայացրել է համալիրի և գյուղի մյուս հանրահայտ հուշարձանների պատմությունը:

Աշխատանքներին մասնակցել են Գուգարաց թեմի երիտասարդաց միության սաները, ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները, ուսանողներ: Համալիրի տարածքը և շրջակայքը մաքրվել է խոտերից, թփերից, ավելորդ բուսականությունից, որոշ հատվածներում որմնապատերի վրա աճած բուսականությունից և այլն: Հավաքված բուսական աղբը հեռացվել է համալիրի մոտակայքից: Աշխատանքներն ուղեկցվել են երիտասարդների կողմից հոգևոր երգերի ու շարականների կատարմամբ: