ՑԱՔՈՒՏԻ ԵԿԵՂԵՑԻ

ՑԱՔՈՒՏԻ ԵԿԵՂԵՑԻ

2015-08-19T14:01:26+00:00 June 25th, 2015|Սյունիք, Հուշարձաններ|

Գտնվում է Տաթև գյուղից հյուսիս` Որոտան գետի ձախ ափին, «Սատանի կամրջի» մոտ գտնվող «Ցաքուտ» վայրում /պետ. ցուցիչ` 8.97.4/:

Կառուցվել է Սյունյաց Հակոբ Ա եպիսկոպոսի կողմից: Եպիսկոպոսը Առաջինը Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսի եղբորորդին էր և նրա կողմից էլ ձեռնադրվել է 918 թ.: Ստ. Օրբելյանի հաղորդած տեղեկությունների համաձայն, Հակոբ Ա եպիսկոպոսը Սյունյաց իշխան Փիլիպեից գնում է Ձագեձորի Վարարակն կոչված ջուրը, բազմաթիվ չարչարանքների ու մեծ ջանքերի գործադրումով բերում հասցնում է մինչև Ցաքուտ վայրը` Տաթևի վանքի դիմաց: Քարքարոտ ու փշերով պատված ընդարձակ վայրը դարձնում է վարդաստան ու ծառաստան, բազմատեսակ մրգատու ծառերով ու խաղողի որդատունկերով այգիներ հիմնում: Հարթեցնում է տալիս նույն վայրում գտնվող գեղեցիկ բլրի գագաթը և կառուցում գմբեթահարկ եկեղեցի, որը հատկապես աչքի էր ընկնում իր որմնանկարներով: Եպիսկոպոսը թողել է ձեռագիր արձանագրություն, համաձայն որի շինարարական աշխատանքներն ավարտվել են 932 թ.:

Եկեղեցին կառուցված է սրբատաշ բազալտով: Ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք, երկայնական պատերին կից երկու զույգ հզոր որմնամույթերով: Եկեղեցու խորանն ունի ուղղանկյուն եզրագիծ, որի հատակն ունի կիսաշրջանաձև տեսք` մոտ 30սմ խորությամբ: Մուտքը գտնվում է արևմտյան կողմում: Կամարները և որմնակամարները շեշտված պայտաձև տեսք ունեն: Շինարար վարպետները պատերին թողել են իրենց նշանները: Ցաքուտի եկեղեցին հայկական նույնատիպ հուշարձանների շարքում առանձնանում է խորանի ինքնատիպ ու եզակի լուծումով` ուղղանկյուն և կիսաշրջանաձև ձևերի զուգակցումով: Եկեղեցու գմբեթը, ծածկի թաղերը և արևելյան պատն ավերված են, երբեմնի ճոխ որմնանկարներից ոչինչ չի պահպանվել:

Ջրանցքը գործել է հարյուրավոր տարիներ և բարիք է պարգևել մարդկանց: Ցաքուտում ճանապարհի շինարարության ժամանակ գտնվել են երբեմնի ջրանցքի մաս հանդիսացող կավե զույգ խողովակներ: Մեր օրերում շրջապատը վերստին հիշեցնում է հին Ցաքուտ անվանումը, որտեղ աճում է փուշ ու տատասկ:

Օգտագործված գրականություն
1. Օրբելյան Ստ., Սյունիքի պատմություն, Երևան, 1986:
2. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 3, Երևան, 1988:
3. Հախվերդյան Ս., Գորիսի ամփոփ պատմություն, Երևան, 2005: