Լիաննա Գևորգյան

Լիաննա Գևորգյան 2013-04-30T11:59:13+00:00

ԼԻԱՆՆԱ ՊՈԳԵՏԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ծնվել է 1961 թ. օգոստոսի 29-ին Երևանում: 1968 թ. ընդունվել և 1978 թ. ավարտել է Երևանի Չեխովի անվան N 55 միջնակարգ դպրոցը: 1978 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, որն ավարտել է 1983թ.` ստանալով պատմաբանի որակավորում: Նույն թվականի օգոստոս ամսից անցել է աշխատանքի Հայաստանի ազգագրության պետական թանգարանում՝ նախ որպես գիտաշխատող, ապա` գիտքարտուղար, այնուհետև՝ գլխավոր ֆոնդապահ: 1988 թ–ից պաշտոնավարել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության արգելոց-թանգարանների միացյալ տնօրինությունում՝ որպես ֆոնդերի հաշվառման և պահպանման բաժնի վարիչ, ապա՝ գլխավոր ֆոնդապահ: 1991 թ. նշանակվել է նույն կազմակերպության գիտատեղեկատու կենտրոնի տնօրեն, որի լուծարումից հետո՝ 1999թ. նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարության պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրենի տեղակալ, 2003 թ.` վերակազմակերպված «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ: 2013 թ-ից նույն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ- գլխավոր ֆոնդապահն է:
2011թ-ից, համատեղությամբ, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Հուշարձանագիտություն և թանգարանագիտություն» ամբիոնի դասախոս է:
Ուսման և աշխատանքային գործունեության տարիներին մասնակցել է գիտարշավների, գիտաժողովների, ՅՈՒՆԵՍԿO/ ԻԿՕՄ-ի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների կողմից կազմակերպված դասընթացներին: Կազմակերպել է հանրային միջոցառումներ և ցուցահանդեսներ: Մասնակցել է շարժական և անշարժ հուշարձանների համակարգչային գիտատեղեկատվական շտեմարանի ստեղծման աշխատանքներին: Որպես համահեղինակ` մասնակցել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց – թանգարանի նոր մշտական ցուցադրության գիտական նախագծման և իրականացման աշխատանքներին: Հեղինակ է ավելի քան 30 գիտական և հանրամատչելի հոդվածների և աշխատանքների:

Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրերով, պատվոգրերով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով :

Ամուսնացած է: Ունի երկու որդի՝ Եգանով Վահագն Ալեքսանդրի / ծնված 1995 թ./, և Եգանով Մհեր Ալեքսանդրի / ծնված 1997 թ/: