«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան 2012-08-30T10:02:46+00:00

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան

 

                                                                            Գ. Վերնաշեն

Պետական ցուցիչ 9.42.4

 

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղում: Արգելոց-թանգարանի ցուցադրությունը, որը կազմակերպված է Վերնաշենի սբ. Հակոբ եկեղեցում, և ամբողջանում է Թանահատի վանական համալիրի ընդգրկմամբ նվիրված է համալսարանի հիմնադրման պատմությանը, գործունեությանը, միջնադարյան Հայաստանի հոգևոր, գիտական, հասարակական կյանքում նրա ունեցած դերին ու նշանակությանը: XIII-XIV դդ. պատկանող այս նշանավոր հայկական կրթօջախը եղել է ժամանակի կրոնական, հասարակական-քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն, որը ժամանակակիցների կողմից անվանվել  է «Երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք իմաստության», «Գերահռչակ համալսարան»: Այստեղ բարձրագույն կրթություն են ստացել, գործել և ստեղծագործել ժամականի անվանի հայ մտավորակաները՝ Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Հովհաննես Օրբելը, Մխիթար Սասնեցին, Ստեփանոս Տարսայիճը, Հովհանես Որոտնեցին, Խաչատուր Կեչառեցին, Թորոս Տարոնացին, Ավագը, Մոմիկը և այլք:

Նշանավոր հայ միջնադարյան ուսումնագիտական կենտրոնի պատմության և նշանակության բազմաթիվ կնճռոտ հարցերի ուսումնասիրմամբ և վերհանմամբ զբաղվել են անվանի գիտնականեր` Ղ. Ալիշանը, Գ. Հովսեփյանը, Լ. Խաչիկյան, Ա. Մովսիսյան, Ա. Ավետիսյան, Լ. Խաչերյան, Փ. Անթաբյան, Էմ. Պիվազյան, Ս. Բարխուդարյան, Ա. Աբրահամյան, Ա. Մաթևոսյան, Ի. Ղարիբյան: 1970-1971 թթ. Երևանի պետական համալսարանի հնագիտության, աղբյուրագիտության և ազգագրության ամբիոնի նախաձեռնությամբ և Ի. Ղարիբյանի ղեկավարությամբ պեղումներ կատարվեցին Վայոց ձորի Սբ. Ստեփանոս վանքի մոտկայքում, որի ընթացքում բացվեցին Գլաձորյան համալսարանի հետքերը:

Գլաձորը որպես «Աթենք պանծալի» հիշատակվում է Մատթեոս գրչի կողմից 1283-1284 թվականների (Վիենային Մխիթարյանների միաբանության մատենադարանի № 571) ձեռագրում: Սակայն մի շարք հիշտակություններում ուսումնական կենտրոնի հիմնադրումը կապում են 1279-1281 թթ. ընկած ժամանակահավածի հետ՝ Թանահատի հիմնադրման (1279 թ.), ապա նաև համալսարանի առաջին ուսուցչապետ Ներսես Մշեցու Մշո Առաքելոց վանքից տեղափոխվելու և գլաձորյան դպրության կենտրոնը հիմնադրելու թվականի հետ (1280 թ.):

1984 թ. միջազգային մասշտաբով և Հայկական ՍՍՀ կառավարության որոշմամբ վերականգնվեց Թանհատի վանական համալիրը և մեծ հանդիսավորությամբ նշվեց Գլաձորի համալսարանի հիմնադրման 700-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում վերականգնվեցին և բարեկարգվեցին նաև Վայոց Ձորի մի շարք հուշարձաններ: 1984 թ. հոբելյանական միջոցառումների շարքում  Վերնաշենի ս. Հակոբ եկեղեցում հիմնադրվեց Գլաձորի համալսարանին նվիրված թանգարանը, որի 25-ամյակը նշվեց 2009 թ. հոկտեմբերին: Այն 2003 թ. թվականից հանդիսանում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  մասնաճուղը:

Թանգարանն իրականացնում է արգելոց-թանգարանի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների, համալսարանի գործունեությանը վերաբերվող մշակութային արժեքների   պահպանությամբ, ուսումնասիրմամբ, հանրահռչակմամբ: Թանգարանային ցուցադրության մեջ ներկայացված են ավելի քան 250 ցուցանմուշներ: Վերջիններս հնարավորություն են տալիս ամբողջական պատկերացում կազմելու համալսարանի հիմնադրման նախադրյալների, թողած մշակութային արժեքների և ավանդների, դրանց արդի նշանակության վերաբերյալ: Թանգարանն ամեն տարի հյուրընկալում է հազարավոր այցելուների, որոնց համար համալսարանի հոգևոր ժառանգությունը մեկնաբանվում է նաև օտար (ռուսերեն, անգլերեն) լեզուներով:  Միջնադարյան գիտակրթական կենտրոնի հիմնադրման և նշանակության հանրահռչակման աշխատանքները նաև կազմակերպվում են զուտ կրթական ծրագրերի անցկացմամբ, որոնց ակտիվորեն ներգարավում են մարզի տարբեր տարիքի դպրոցականներ: Արգելոց-թանգարանը նաև սիրված կրթամշակութային, համերգային, հոբելյանական  միջոցառումների անցկացման և Վայոց ձորի զբոսաշրջային տեսարժան վայրերից է:

 

 

Հասցե՝ Վայոց ձորի մարզ, գ. Վերնաշեն

Հեռ.՝  (0281) 2-52-56

Էլ. փոստ`  [email protected]

 

Արգելոց-թանգարանի աշխատանքային օրերն ու ժամերը՝

Երեքշաբթի – շաբաթ , 9:00 -17:30

Կիրակի՝ 9:00- 15:30

Հանգստյան օրը՝ երկուշաբթի: