Հայկական ճարտարպետական, քանդակագործական և դեկորատիվ արվեստի եզակի հանրագումար է Զվարթնոցի տաճարը: Այն կառուցվել է 641-661թթ-ին և կանգուն է եղել մինչև X դարի վերջը /կործանվել է երկրաշարժից/: Ենթադրվում է, որ նախաքրիստոնեական շրջանում տաճարի տարածքում եղել է հեթանոսական Տիր աստծո մեհյանը:
Զվարթնոցը արտաքուստ եռաստիճան, երեք գլանային ծավալների ներդաշնակ ամբողջություն կազմող կենտրոնակազմ գմբեթավոր հորինվածք է: Տաճարից այժմ պահպանվել են հատակագիծը, տեղ-տեղ պատերի ներքևի հատվածները, սյուների խոյակներ, որմնանկարներ, խճանկարների, որմնանկարների մնացորդներ և այլն: Հայտնաբերվել են նաև կաթողիկոսական պալատը` օժանդակ շինություններով /բաղնիք, խցեր/, եկեղեցու այլ մնացորդներ, խաղողի քարաշեն հնձան:
Զվարթնոցի տաճարը միջնադարյան Հայաստանի քաղաքակրթական ընդհանուր զարգացման արգասիքն է: Զվարթնոցի տաճարը գտնվում է Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում` Երևանից 17 կմ հեռավորության վրա:
2009 թ. դեկտեմբերի 11-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղադրվեցին հինգ լեզուներով բրալյան վահանակներ` սահմանափակ կարողություններով մարդկանց հասարակությանը լիարժեք ինտեգրելու նպատակով: Նախագիծը «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» ՀԿ-ի նախաձեռնությունն էր, գլխավոր հովանավորը` Վիվասել-ՄՏՍ-ը, հովանավորներ` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված» ծրագիրը, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսը:
Նույն օրը արգելոց-թանգարանում բացվեց դեկորատիվ կիրառական արվեստին նվիրված ժամանակավոր ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված է 78 իր` գործվածքեղեն /մաքրամե, գոբելեն, ժանյակ/ մետաղյա, փայտյա առարկաներ, գորգագործության և կարպետագործության արվեստի նմուշներ: Փայտյա և մետաղյա ցուցանմուշները ժամանակակից վարպետների /Ն. Արզումանյան, Ա. Բերբերյան, Ս. Մելիքջանյան, Մ. Ղարագյոզյան/ գործեր են, իսկ գորգերն ու կարպետները 20-րդ դարի սկզբի նմուշներ են Սյունիքի, Տավուշի, Շիրակի տարածաշրջաններից:
Թանգարանը բաց է երեքշաբթիից շաբաթ 10:00-17:30, կիրակի` 10:00-15:30, հանգստյան օր` երկուշաբթի: |