ԳԼԽԱՎՈՐ ԷՋ   ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ   ԿԱՌՈւՑՎԱԾՔ   ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՄԱՍՆԱՃՅՈւՂԵՐ  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ԲԱԺԻՆՆԵՐ  
 
 
 
 
 
 
 
 
 

Ազատ գետի աջ ափի բարձունքին` Գեղասար լեռան ստորոտին, վեր խոյացած Գառնիի տաճարը, հայ ժողովրդի մշակույթի զարգացման նախաքրիստոնեական ժամանակաշրջանի, հեթանոսական կառույց է: Այն Քրիստոսից հետո առաջին դարի երկրորդ կեսին կառուցվել է Տրդատ I թագավորի կողմից և նվիրված է եղել հայոց դիցարանի արևի աստված Միհրին: Այս առումով ուշագրավ է այն փաստը, որ հեթանոսական տաճարին կից VII դարում կառուցվել է բոլորաձև եկեղեցի:
Գառնիի տաճարը, որ բարձր հարթակի վրա դրված պերիպտերոս է, իրենից ներկայացնում է 5x8մ չափերի ուղղանկյուն դահլիճ նախամուտքով, որը կարճ ճակատներում շրջապատված է` վեցական, երկար ճակատներում` ութական հռոմեական–հոնիական օրդերի սյուներով: Հյուսիսային գլխավոր ճակատի ողջ լայնությամբ ձգվում են ինը մասսիվ աստիճաններ: Գառնիի տաճարն ավերվել է 1679 թ. երկրաշարժից և նախնական տեսքով վերականգնվել է 1969-74 թթ-ին: Տաճարը գտնվել է Գառնիի պարսպապատ ամրոցի ներսում` կազմելով նրա անկրկնելի մասը: Ամրոցը կառուցվել է եռանկյունաձև հրվանդանի վրա` երկու կողմերից շրջապատված խորը ձորերով, իսկ երրորդ կողմով ձգվում է 314 մ երկարությամբ պարսպապատը` 14 ուղղանկյունաձև աշտարակներով: Ամրոցի պարիսպներից ներս պահպանվել են պատմաճարտարապետական մեծ արժեք ներկայացնող աշխարհիկ և պաշտամունքային կառույցներ /հեթանոսական տաճարը, բաղնիքի և պալատական շենքի մնացորդներ և այլն/:
Քրիստոնեության ընդունումից հետո տաճարը եղել է Տրդատ III թագավորի քրոջ` Խոսրովդուխտի ամառային հովանոցը: Իսկ ամրոցի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են Քրիստոսից առաջ 2166 թթ-ին: Բայց թագավորական ընտանիքների համար որպես ամառանոց և զորակայան ծառայած ամրոցից այժմ պահպանվել են միայն պալատական շենքի մնացորդները և արքունական բաղնիքի չորս սենյակները: Բաղնիքն ունի միևնույն ուղղությամբ դասավորված, իրար հաջորդող չորս սենյակներ: Դրանք ունեցել են կրկնակի հատակներ, որոնց միջոցով տաք օդը և ծուխը տարածվել են նախ տաք ջրի համար նախասեսված բաժանմունքի հատակի տակ, ապա զգալիորեն պակասած ջերմությամբ անցել գոլ ջրի համար նախատեսված բաժանմունքի հատակի տակ և հետո արդեն բոլորովին նվազած ջերմությամբ հասել սառը ջրով լողասենյակի հատակի տակ: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նախասրահի հատակին պատկերված խճանկարը, որն ունի առասպելական սյուժե` վերցված հունական դիցաբանությունից:Վարդագույն շրջանակի մեջ պատկերված է ծով, որի մեջ պատկերված են ծովային աստվածներ, աստվածուհիներ, ջրահարսեր և այլն: Նրանց կողքին գրված են իրենց անունները /Գլավկոս, Թետիս, Էրոս, Պոթոս/: Խճանկարի կենտրոնում հյուսված նախշով շրջանակի մեջ պատկերված են տղամարդու և կնոջ կիսանդրիներ: Առաջինի մոտ գրված է «օվկիանոս», իսկ երկրորդի մոտ` «Թալլասա» /ծովերի աստվածուհի/, իսկ դրանց գլխավերևում գրված է «Աշխատեցինք ոչինչ չստանալով» արտահայտությունը, որը, ըստ երևույթին, նվիրատվական արձանագրություն է:
Պեղումների ընթացքում ամրոցի տարածքում հայտնաբերվել են վաղ, միջին և ուշ բրոնզեդարյան բնակավայրեր, մառաններ, գործիքներ, խեցեղեն, ապակեղեն, զենքեր:
Գառնիի տաճարը և ամրոցի ավերակները գտնվում են Կոտայքի մարզի Գառնի գյուղում` Երևանից 17 կմ հեռավորության վրա:
Թանգարանը բաց է երեքշաբթիից շաբաթ 10:00-17:30, կիրակի` 10:00-15:30, հանգստյան օր` երկուշաբթի:
ПАРАД БАННЕРОВ
ПОЛЕЗНЫЕ ССЫЛКИ



















 
մշակում և ձևավորում Drago Barzini