| ՄԱՍՆԱՃՅՈւՂԵՐ |
|
|
| ԲԱԺԻՆՆԵՐ |
|
|
 |
|
|
Գլաձորի համալսարանը հիշատակվում է 1281թ.: Գտնվում է Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտ` Թանահատի վանական համալիրում: Եղել է միջնադարյան Հայաստանի խոշորագույն ուսումնագիտական կենտրոն: Իր կրթական, մշակութային և գիտական գործունեությամբ ժամանակին վաստակել է «Երկրորդ Աթենք», «Գերահռչակ համալսարան» անվանումները: Այն միաժամանակ յուրատեսակ քաղաքական կենտրոն էր, որը պայքարում էր հանուն մայրենի լեզվի և մշակույթի, հոգևոր նվաճումների պահպանման: Գլաձորի համալսարանը իր գործունեությամբ քիչ էր տարբերվում միջնադարյան եվրոպական համալսարաններից: Այստեղ նույնպես ուսման հիմքը կազմում էին «յոթ ազատ արվեստները»` քերականություն, ճարտասանություն, փիլիսոփայություն, թվաբանություն, երաժշտություն, երկրաչափություն, աստղաբաշխություն: Դասավանդվել են նաև մանրանկարչության, գրչության արվեստներ, մատենագիտություն:
Գլաձորի համալսարանի շրջանավարտները բեղուն գործունեություն են ծավալել` հիմնել վանքեր, եկեղեցիներ, դպրոցներ: Նշանավոր գործիչներ են եղել Ե. Նչեցին, Գր. Տաթևացին, Մոմիկը, Ստ. Օրբելյանը, Տիրատուր Կիլիկեցին և ուրիշները:
Գլաձորի համալսարանի 700-ամյա տոնակատարության առիթով 1984թ. Վերնաշեն գյուղում բացվեց համալսարանի պատմության թանգարանը, որը հանդիսանում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ, իսկ 2009 թ. հոկտեմբերի 10-ին նշվեց «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի հիմնադրման 25-ամյակը: Թանգարանի կամարների ներքո այցելուները պատկերացում են կազմում համալսարանի հիմնադրման նախադրյաների, դասավանդման հիմնադրույթների, թողած մշակութային ժառանգության և քաղաքական գործունեության մասին:
Ցուցադրությունը սկսվում է հայկական լեռնաշխարհի ուսումնական կենտրոնների քարտեզով: Ցուցադրության առաջին մասում ներկայացված են Հայաստանի մինչգլաձորյան ուսումնական կենտրոնները, որոնց փոխարինում է Գլաձորը` իր գործունեությամբ և գործիչներով: Ներկայացված են Գլաձորում գրված առանձին աշխատություններ, այստեղ ծաղկած մատյաններ, քանդակագործական և ճարտարապետական արվեստի կառույցներ: Ուշագրավ է համալսարանի հոգևոր գործունեությունը` հատկապես պայքարը «ունիթորական» շարժման դեմ: Ցուցադրությունը ավարտվում է համալսարանի սաների հիմնած ուսումնական կենտրոններով:
Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից այստեղ են հաճախում բազմաթիվ այցելուներ, որոնց հիշողության մեջ Գլաձորը առանձին հմայք ունի:
Թանգարանը Երևանից հեռու է 125 կմ:
Թանգարանը պատրաստ է սիրով հյուրընկալելու բոլոր ցանկացողներին և հետաքրքրվողներին: Թանգարանը բաց է երեքշաբթիից շաբաթ 10:00-17:30, կիրակի` 10:00-15:30, հանգստյան օր` երկուշաբթի: |
 |
|
ПАРАД БАННЕРОВ ПОЛЕЗНЫЕ ССЫЛКИ









|