ԳԼԽԱՎՈՐ ԷՋ   ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ   ԿԱՌՈւՑՎԱԾՔ   ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՄԱՍՆԱՃՅՈւՂԵՐ  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ԲԱԺԻՆՆԵՐ  
 
 
 
 
 
 
 
 
 
Արագածոտնի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության արևմտյան կեսի կենտրոնական մասում` ընդգրկելով Քասաղ գետի վերին և միջին հոսանքի ավազանը, Արագած լեռնազանգվածի հյուսիսարևելյան, արևելյան և հարավային լանջերը, Ծաղկունյաց լեռնաշխթայի հարակից լանջերը, Ապարանի դաշտը և Թալինի սարավանդի մի մասը:
Արագածոտնի մարզում հաշվվում է` 1900 հուշարձան, որոնցից առավել հանրաճանաչ են.
Կարմրավոր եկեղեցի, 7 դ. /ք. Աշտարակ/,
Սբ. Մարինե եկեղեցի, 1281թ. /ք. Աշտարակ/,
Կամուրջ Քասաղ գետի վրա, 1664թ. /ք. Աշտարակ/,
Ամբերդ բերդ, 10-13 դդ /գ. Անտառուտ/,
Բյուրականի աստղադիտարան /գ. Բյուրական/,
Արուճի տաճար, 7դ. /գ. Արուճ/,
Տեղերի վանք, 13 դ. /գ. Տեղեր/,
Սբ. Ստեփանոս եկեղեցի, 7դ. /գ. Կոշ/,
Սբ. Աստվածածին եկեղեցի 1691-1693թթ. /գ. Կարբի/,
Սաղմոսավանք, 13 դ. /գ. Սաղմոսավան/,
Սբ. Գևորգ վանք, 14դ. /գ. Մուղնի/,
Հովհաննավանք, 5-13դդ /գ. Օհանավան/,
Մեսրոպ Մաշտոցի եկեղեցի և դամբարան, 5-19դդ /գ. Օշական/,
Մենաստան վանք և մահարձան, 10-13 դդ /գ. Եղիպատրուշ/,
Աստվածընկալ եկեղեցի, 13 դ. /գ. Հարթավան/,
Կաթողիկե եկեղեցի, 7 դ. /ք. Թալին/,
Աստվածածին եկեղեցի, 7 դ. /ք. Թալին/,
Բերդ և եկեղեցի, 9-13դդ /գ. Դաշտադեմ/,
Սբ. Հովհաննես եկեղեցի, 5 դ. /գ. Մաստարա/:

ԱՄԲԵՐԴ


Ամբերդ ամրոցը կառուցվել է Արագածոտն գավառում, ներկայիս ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք` Ամբերդ և Արքաշեն գետերի միախառնման տեղում, եռանկյունաձև հրվանդանի վրա /բարձրությունը ծովի մակարդակից` 2300 մ/: Իր բնական դիրքով և պաշտպանական կառուցվածքներով ունեցել է անառիկ ամրոցի համբավ:
Հուշարձանն իր մեջ ընդգրկում է ամրոցապարիսպները, Արքաշեն ձորի և Ամբերդաձորի դարպասները /հատվածներ/; դղյակը /կիսավեր/; ջրամատակարարման համակարգը` բաղնիքը, ջրամբարները, մատուռը, 1026 թ. կառուցված եկեղեցին /ամբեղջական ու վերականգնված/, գաղտնուղիները, բնակարանային համակարգերը:
Կյանքը Ամբերդում ընթացել է մինչև ուշ միջնադար, իսկ թե երբվանից է սկսվել` առայժմ ստույգ պարզաբանված չէ: Որոշ գիտնականներ սկիզբը համարում են կիկլոպյան դարաշրջանը, ոմանք` ուրարտական ու վաղ միջնադարյան ժամանակաշրջանները: Պատմահնագիտական ուսումնասիրությունների ու պեղումների հիման վրա ստացված փաստերից ելնելով Ամբերդ ամրոցի հիմնադրումը համարվել է IX դ. և բաժանվել երեք շրջանների`
• IXդ - XI դդ,
• XII - XIII դդ,
• XVI - XVII դդ:
Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ Ամբերդը ունեցել է խեցեղենի, պղնձե և երկաթե իրերի պատրաստման իր արհեստանոցները: Եկեղեցու հյուսիսային մուտքի բարավորի արձանագրություններից պարզ է դառնում, որ գյուղատնտեսական գործունեությունից հիմնականում զարգացած է եղել ցորենի և կտավատի մշակումը, ինչի մասին վկայում են Ամբերդաձորի ջրաղացի հետքերը և հրվանդանում առկա ձիթհանի քարը:
Արժանահիշատակ է Ամբերդի 1026 թ. իշխան Վահրամ Պահլավունու կողմից կառուցված, Սբ. Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցին, որը հիմքի խաչաթևերի չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներ ունեցող կառույցներից առաջիններից է:
Գտնվելով արևելք-արևմուտք առևտրական ճանապարհներից մեկի վրա` Ամբերդը կապեր ուներ իր ժամանակի մշակութային կենտրոնների հետ: Ամրոց էին բերում եգիպտական կերամիկա և ապակի, իրանական թասեր ու չինական հախճապակի:
Սակայն Ամբերդի հիմնական և գլխավոր դերն էր ծառայել որպես ռազմավարական հզոր կայան Անի մայրաքաղաքի թիկունքում, կասեցնել թշնամու առաջխաղացումները:
Այժմ էլ պահպանված դղյակի կիսավեր պատերն ու բուրգեը, պարսպապատերի պահպաված հատվածներն ու դարպասները խոսում են Ամբերդի երբեմնի հզորության մասին:

ՏԵՂԵՐԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ


Տեղերի վանական համալիրը XIII դ. բազմաթիվ բարձրարվեստ կոթողներից լավագույնն է: Հուշարձանը գտնվում է ՀՀ Արագածոտն մարզի համանուն գյուղում` Արքաշեն գետի խորը ձորի աջափնյա եզրին:
Վանական համալիրը կառուցվում է իշխան Վաչե Վաչուտյանի կին Մամախաթունի մեկենասությամբ և Աղբայրիկ ճարտարապետի ձեռմամբ: Համալիրը բաղկացած է Սբ. Աստվածածին եկեղեցուց և արևմուտքից նրան կից գավթից: Պահպանվել է միայն 1213 թ. արձանագրությունը Սբ. Աստվածածին եկեղեցու կառուցումը ավարտելու մասին:
Եկեղեցին կառուցված է մուգ մոխրագույն բազալտից, իր հատակագծային լուծմամբ ներսից խաչաձև, արտաքինից ուղղանկյուն կառույց է, հիմքի խաչաթևերի չորս անկյուններում տեղադրված են կրկնահարկ ավանդատներ: Պատկանելով խաչագմբեթ տիպին ենթագմբեթային անցումը առագաստաձև է և ներսից և դրսից պսակվում է կլոր գմբեթով: Արտաքնապես հարդարանքից զուրկ եկեղեցուն աշխուժացում են հաղորդում ճակատների զույգ խորշերը, նեղ ու ծերպաձև լուսամուտները:
Եկեղեցին ավարտելուց ամիջապես հետո սկսվում են գավթի կառուցման աշխատանքները, որոնք ավարտվում են 1221 թ.: Այն իր չափսերով գերազանցում է եկեղեցուն, իսկ գմբեթը ճարտարապետական լուծմամբ կրկնում է XIII դ. լայն տարածում գտած քառասյուն, 12 նիստանի վրանաձև, ցածրադիր ծածկով պսակվող գմբեթների տիպին: Միևնույն ժամանակ գավիթը իր ծավալատարածքային հորինվածքով արտասովոր և բացառիկ երևույթ է: Գավիթի հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան անկյուններից` հորիզոնական քիվերից բարձր, վեր են խոյանում մեկական փոքրաչափ գմբեթավոր մատուռներ, որոնց խորանարդաձև ծավալները պսակվում են կլոր թմբուկներով ու վեղարներով գմբեթներով: Մատուռները կառուցվել են 1221-1232 թթ, մուտքերը գավիթի կտուրներից են, ուր կարելի է բարձրանալ առաստաղում թողնված անցքին տեղադրելով սանդուղք:
Գավթի կտուրին, որպես երկրորդ հարկ, կանգնած զույգ փոքրիկ մատուռները կառույցին տալիս են վեհ ու սլացիկ կերպարանք, ճարտարապետի այս նորամուծությունը գավթի ամբողջության մեջ եզակի է և առանձնահատուկ տեղ է գրավում նույնատիպ գավիթների, ժամանատների մեջ:

ՍԲ. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ


Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին գտնվում է ՀՀ Արագածոտն մարզի Օշական գյուղում: Կառուցվել է 1875-1879 թթ. Գևորգ Դ կաթողիկոսի կողմից: Եկեղեցին միանավ, թաղածածկ, դահլիճատիպ բազիլիկ կառույց է տեղադրված, 440թ. Վահան Ամատունու կողմից կառուցած, հայ ժողովրդի մեծագույն երախտավոր, հայկական գրերը ստեղծող` Մեսրոպ Մաշտոցի դամբարանի վրա:
Դամբարանը, որն գտնվում է եկեղեցու ավագ խորանի տակ, ուղղանկյուն թաղածածկ խուց է` խորշով արևելյան կողմից, բացվածքով արևմտյան կողմից, մուտքերով հարավային և հյուսիսային կողմերից, հյուսիսային մուտքը փակված է, իսկ հարավայինը բացվում է դեպի ավանդատուն:
Դեռ 443 թ. Վահան Ամատունին դամբարանի վրա կառուցել է բազմախորան բազիլիկատիպ տաճար, որը, 1200 տարի հետո Փիլիպոս Ա Աղբակցի կաթողիկոսը, խիստ խարխլված լինելու պատճառով, ենթարկում է վերակառուցման, սակայն չանցած 200 տարի եկեղեցին խոնարհվում է: Եվ միայն 1875-1879 թթ վերակառուցողական աշխատանքներից հետո, ստանալով ներկայիս միանավ բազիլիկի տեսքը և արևելյան գլխավոր աբսիդի երկու կողմերից ավանդատներով ձևը, վեհորեն կանգուն է մինչև օրս:
Իր ճարտարապետական լուծումամբ հայկական եկեղեցական ճարտարապետության մեջ, բացառիկ է եկեղեցու արևելյան կողմին կից գլանաձև ծավալով երկհարկ զանգագատունը` կառուցված 1884 թ.:
Գեղարվեստական արտահայտչամիջոցներից առանձնանում են եկեղեցու ներսում` 1964-1966 թթ Հ. Մինասյանի և Հ. Մամյանի կողմից արած, եռապատկեր որմնանկարները: Ավագ սեղանի դիմաց` արևմտյան կողմում, ամբողջ պատին տեղավորված է գլխավոր հորինվածքը, որի ձախ կողմում ամբողջ հասակով կանգնած է Սբ. Մեսրոպ Մաշտոցը` աշակերտներն իր շուրջը, աջ կողմում` հայրապետական գահին բազմած է Սբ. Սահակ Պարթևը, կողքին` Վռամշապուհ արքան, շրջապատված նախարարներով:

ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ /ԿԱՐՄՐԱՎՈՐ/


Կարմրավոր Սբ. Աստվածածին եկեղեցին վաղ միջնադարյան հայ ճարտարապետության հանրահայտ հուշարձաններից է` մինչև մեր օրեր հասած, առավել անաղարտ պահպանված ու կանգուն, միախորան խաչաձև կենտրոնագմբեթ փոքր եկեղեցի է:
Կառուցման ժամանակի մասին մատենագրական տեղեկություններ չկան: Այնուամենայնիվ, հուշարձանի ճարտարապետագեղարվես-տական հատկանիշների վերլուծությունը թույլ է տալիս այն թվագրել VII դ.:
Եկեղեցին արտաքուստ և ներքուստ խաչաձև կառույց է: Խաչաձև հատակագծում ներսի խաչաթևերը, բացի արևելյանից, իսկ դրսից բոլոր խաչաթևերն ուղղանկյուն են: Ներսում` խաչաթևերի հպման անկյուններում, տեղավորված են մեկական կիսասյուներ, որոնք իրար են միացված կամարներով` կենտրոնում առաջացնելով գմբեթատակ քառակուսին, որից անցումը դեպի ութանիստ գմբեթի թմբուկն ու գմբեթի օղակաձև հիմքը կատարված են VII դ. բնորոշ մեծ և փոքր տրոմպների երկշարք համակարգի միջոցով: Հուշարձանն ամբողջանում է գմբեթին նստած կտուրի սֆերիկ պսակով, ուր գրեթե անվնաս պահպանվել է VII դ. կղմինդրե ծածկը, պահպանվել են նաև որմնանկարների հատվածներ:
Եկեղեցու արտաքին գեղարվեստական արտահայտչամիջոցներն են լուսամուտների քանդակազարդ կամարունքները, բոլոր քիվերը, հատկապես, գլխավոր ճակատները պսակող թեքադիր և հյուսածո զարդանախշապատ քիվերը:

ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ


Սաղմոսավանք վանական համալիրը հայկական միջնադարյան ճարտարապետության վեհաշուք հուշարձաններից է, որը հիշատակվում է վաղ միջնադարից, սակայն ամբողջովին կազմավորվել է XIII դ. առաջին կեսին: Գտնվում է ՀՀ Արագածոտն մարզի Սաղմոսավան գյուղում, Քասաղ գետի կիրճի եզրին:
Վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց, գավիթից, գրատնից, պատվանդավոր և որմնափակ խաչքարերից: Համալիրի հնագույն հուշարձանը` գլխավոր Սբ. Սիոն եկեղեցին է, որը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1215թ.: Այն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր դահլիճ է: Հատակագծի կուռ կառուցվածքի վրա աճող ծավալի նկատմամբ գերիշխում է բարեկազմ գմբեթի գլանաձև թմբուկը` պսակված սրածայր վեղարով: Եկեղեցու արևմտյան կողմում է համալիրի առավել նշանակալից կառույցը` չորս կամարակիր սյուներով և հանդիպակած պատերի ութ որմնասյուներով գավիթը: Տանիքի կենտրոնում, բազմանիստ գմբեթով պսակված ծածկը ունի բոլորաձև երդիկ, որի վրա կառուցված է նրբագեղ րոտոնդա, որը նման հորինվածքների մեջ եզակի օրինակներից է:
Յուրօրինակ են հարավային պատի լուսամուտները, ինչպես նաև, ամբողջովին թեփուկանման նախշազարդով ծածկված, արևմտյան շքամուտքի հարդարանքը: Շքամուտքից բարձր` պատի հարթության տարբեր մասերում ագուցված են խաչքարեր:
Երկրորդ եկեղեցին` Սբ. Աստվածածինը, կառուցվել է 1235թ.: Տեղադրված է գլխավոր եկեղեցու հարավային կողմում` փոքր ինչ անջատ: Քառակուսի աղոթասրահով, արևելյան կողմից կիսաշրջան խորանով թաղածածկ այս կառույցը իր փոքր ծավալով ավելի շատ հիշեցնում է մատուռ:
Հաջորդ կառույցը 1255 թ. իշխան Քուրդ Վաչուտյանի պատվերով կառուցած գրատունն է` տեղավորված գխավոր եկեղեցու և գավթի հարավային կողմում: Հատակագծային հորինվածքով տարբեր է նույն դարաշրջանի մյուս` Հաղպատի, Գոշավանքի գրատներից: Արևելյան կողմից ունի կիսաշրջան խորան, իսկ պատերում` խորշեր: Ծածկը հենվում է արևմուտքից արևելք ձգված կամարների վրա, իսկ գագաթի կենտրոնական քառակուսին պսակվում է, բազմանիստ թմբուկին հենվող ու երդիկով ավարտվող սյունազարդ, գմբեթով:
ПАРАД БАННЕРОВ
ПОЛЕЗНЫЕ ССЫЛКИ



















 
մշակում և ձևավորում Drago Barzini