Սյունիքի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավարևելյան մասում՝ պատմական Սյունիք /Սիսական/ նահանգի՝ Զանգեզուր անունը կրող շրջանում։ Ընդգրկում է Որոտան, Ողջի գետերի վերին և միջին հոսանքների ավազանը, Մեղրի գետի ողջ ավազանը, Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերը մինչև ջրաբաժանային՝ կատարային գոտին, Սյունիի բարձրավանդակի արևմտյան մասը։
Սյունիքի մարզում հաշվվում է՝ 2812 հուշարձան, որոնցից առավել հանրաճանաչ են.
Բղենո Նորավանք, 1062թ. /գ. Բարձրավան/,
Մխիթար սպարապետի դամբարան /գ. Հին Խնձորեսկ/,
Տաթևի վանք, 9-11դդ /գ. Տաթև/,
Տաթևի անապատ, 17 դ. /գ. Տաթև/,
«Սատանի» կամուրջ /գ. Տաթև/,
Վահանավանք, 10 դ /ք. Կապան/,
Բաղաբերդ, 10-14 դդ /ք. Կապան/,
Երիցավանք, 6 դ /գ. Արծվանիկ/,
Ս. Գրիգոր Հովհաննես եկեղեցի, 7 դ /ք. Սիսիան/,
Որոտնավանք, 9-11 դդ /գ. Վաղատին/։
ԲՂԵՆՈ ՆՈՐԱՎԱՆՔ
Բղենո Նորավանքը Սյունիքի միջնադարյան վանական համալիրներից է: Գտնվում է Բարձրավան գյուղի մոտ, անտառապատ կիրճերով շրջապատված եռանկյունաձև դարավանդին: Այս վայրում, ըստ Ստ. Օրբելյանի, X-XI դդ հիմնական կառուցումներ երկու անգամ են կատարվել. առաջինը` ոմն Ստեփանոս քահանան 936թ.-ին սպիտակավուն կրաքարից կառուցել է շենքերի մի խումբ` բաղկացած եկեղեցուց, սրահից, գավթից և ուրկանոցից (ըստ երևույթին պահպանված հուշարձանից հյուսիս ընկած, դեռևս չպեղված ավերակներն են): Երկրորդ խումբը, ըստ պատմագրի, կառուցվել է առաջինից «յետ սակաւուց» և, ըստ արձանագրության, ավարտվել 1062թ.:
Բղենո Նորավանքի դիմաց հիմնվել է բորոտանոց, որտեղ հավաքել են բազմաթիվ հիվանդների: Ստեփանոս եպիսկոպոսը 970 թ. վախճանվել է և թաղվել եկեղեցու մոտ: Բղենո Նորավանքում է 989թ. արտագրվել և նկարազարդվել այսպես կոչված «Էջմիածնի ավետարանը»: Սպիտակ կրաքարով կառուցված եկեղեցին XI դ. արդեն խարխլված էր, և 1062 թ., Սյունյաց Գրիգոր Ա Աշոտյան թագավորի հրամանով, Գևորգ ու Հովհաննես քահանաները սրբատաշ կապտավուն բազալտով հիմնովին վերակառուցել են այն, որից հետո եկեղեցին հայկական ճարտարապետության մեջ եզակի է դարձել իր հորինվածքով և հարդարանքով:
Բղենո Նորավանքը մեզ է հասել բազմիցս ձևափոխված և կիսավեր: Կապտավուն բազալտից եկեղեցին` 3.04մx5.1մx5.5մ ներքին առանցքային չափերով, մեծ լուսամուտ և չորս խորշ ունեցող աբսիդով, հյուսիսային և հարավային պատերին կամարակապ զույգ մեծ բացվածքներով, պայտաձև թաղով ծածկված դահլիճ է, որին հյուսիսից, արևմուտքից, հարավից հետագայոււմ կցվել են «սրահակներ» ու երկու ուղղանկյուն սենյակներ և բոլորը ամփոփվել ընդհանուր երկլանջ կղմինդրյա տանիքի տակ: Արևմտյան ճակատի կոմպոզիցիոն կենտրոնը քանդակազարդ շքամուտքն է: Յուրօրինակ են գավթի որմնասյուների բուսական զարդաքանդակներով խոյակները, հնգախորշ խորանը, երկայնական պատերի զույգ, կամարակապ քանդակազարդ բացվածքները: Հայկական արվեստում բացառիկ են եկեղեցու պատերը ձևավորող, կաթնագույն քարի սալերի վրա արված պատկերաքանդակները, որոնք բովանդակում են Քրիստոսի կյանքի հետ կապված առանձին թեմաներ: Պահպանված ութ քարետախտակներից երկուսն են իրենց տեղում` «Ավետումն» ու «Համբարձումը», մնացածը վայր են ընկած:
Ախթամարից հետո Բղենո Նորավանքը այդքան հարուստ ավարտուն սյուժետային պատկերաքանդակներով Հայաստանում եզակի հուշարձաններից է: Այս կառույցը հայ ճարտարապետության մեջ արտակարգ տեղ է գրավում ոչ միայն հատակագծային հորինվածքի յուրօրինակությամբ, այլև իր բարձրարվեստ քանդակներով, որոնք, սերտորեն կապված լինելով որմնանկարչության և մանրանկարչության Տաթևի դպրոցի արվեստին, հայկական քանդակագործության պատմության փայլուն նմուշներից են:
ՎԱՀԱՆԱՎԱՆՔ
Կապան քաղաքից 5 կմ հարավ-արևմուտք, լեռնային Ողջի գետահովտի աջ ափին, Տիգրանասարի լանջերին վեր է խոյանում Վահանավանքի համալիրը:
Գրավոր աղբյուրների համաձայն Վահանավանքը հիմնադրվել է X դ. սկզբներին Ձագիկ իշխանի փոքր որդու` Վահանի կողմից: Վանքում, որտեղ կային ավելի քան հարյուր վանականներ, գործում էր հոգևոր դպրոց: Վահանավանքը Սյունիքի հռչակված հոգևոր կենտրոն էր և կրթական-մշակութային կարևոր օջախ: X դ. 40-ական թվականներին վանականների գլուխ է կանգնում վանքի հիմնադրի` Վահանի զարմիկը` Վահանը, ով 60-ական թվականներին ընտրվում է Հայաստանի պատրիարք-կաթողիկոս:
Վահանավանքը մեծ զարգացում է ապրել Սյունիքի թագավորության շրջանում /970-1170թթ/, հատկապես Սմբատ II-ի կառավարման տարիներին: Սակայն թուրք-սելջուկների, մոնղոլների և մյուսների հաճախակի դարձած արշավանքները Վահանավանքը դարձնում են ավերակների կույտ:
Վանական համալիրն ընդգրկում է հոգևոր և աշխարհիկ բնույթի մի շարք շինություններ: 911թ. Վահան I-ը կառուցում է Ս. Գրիգոր Լուսավորիչ խաչագմբեթ եկեղեցին: Վահանավանքի վանահայր և Սյունաց մետրոպոլիտ Վահան II Ջևանշերյանը XI դ. կեսին շինել է եկեղեցուն կից գավիթը` երեք թաղակիր կամարներով ուղղանկյուն դահլիճը, որի գլխավոր մուտքը հարավից է և բացվում է դեպի եկեղեցու և գավիթի ողջ երկարությամբ ձգվող սյունասրահը: Գավիթը նաև հանդիսանում է Սյունյաց իշխանների դամբարան: Այստեղ պեղումների ժամանակ բացվել են Վահան I-ի (Xդ.), իշխանուհի Խուշուշի (Xդ.), արքայազն Կյուրիկեի (XIդ.), զորավար Գևորգ Պահլավունու (XIIդ.) և ուրիշների գերեզմաններ: Իսկ եկեղեցուն և գավթին կցակառուցված սրահում թաղվել են Սյունյաց արքաներ Սմբատ II-ը, Գրիգոր I-ը, Դինար և Սոֆյա թագուհիները, Աշոտ, Ջևանշիր, Խաղբատ իշխանները և ուրիշներ:
1046թ. Իշխանաց իշխան Գրիգորը /ապագա Սյունաց թագավոր Գրիգոր Ա/, ըստ շինարարական արձանագրության, վերակառուցել է Վահանավանքի գլխավոր եկեղեցին, սրահը և գավիթը:
Վանական համալիրի հարավային կողմում, մուտքի թաղի վրա բարձրանում է Սյունյաց Բաղաց Գրիգոր թագավորի կնոջ` Շահանդուխտ II-ի պատվերով 1086թ.-ին կառուցած երկհարկ, փոքրիկ, թաղածածկ եկեղեցին, որը հայտնի է Ս. Աստվածածին անունով:
Ի տարբերություն Սյունյաց աշխարհի մի շարք հուշարձանների, Վահանավանքի համալիրի մեջ մտնող բոլոր շենքերը կառուցվել են խոշոր չափերի, սրբատաշ ու կարմրադեղնավուն բազալտից, և բոլոր հուշարձանները աչքի են ընկնում հորինվածքային ինքնատիպությամբ:
ՈՐՈՏՆԱՎԱՆՔ
Որոտնավանքը /Վաղատինի վանք/ գտնվում է Սիսիանի շրջանի Վաղուդի գյուղից ոչ հեռու, Որոտան գետի անդնդախոր կիրճերով շրջապատված մի լեռնաբազուկի վրա: Գետը երեք կողմից շրջանցում է վանքատեղը: Վանքը պաշտպանում են նաև հարյուր մետրից ավելի բարձրություն ունեցող ժայռերը:
Վանական համալիրի հիմնական կառույցները տեղաբաշխված են արևմուտքից արևելք ձգված մի ուղղանկյուն բակի պարագծով: Առավել վաղ թվագրություն ունի, Սյունյաց Սմբատ թագավորի հրամանով, Շահանդուխտ թագուհու 1000թ. կառուցած թաղածածկ, հյուսիսային պատին կից երկու ավանդատնով, հարավից` սյունասրահով Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, գավիթը, տնտեսական շինությունները:
Մեծ ուշադրության է արժանի 1006թ. կառուցված Որոտնավանքի Ս. Կարապետ եկեղեցին` գմբեթավոր, եռախորան, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով: Եկեղեցու ներսը զարդարված է եղել որմնանկարներով, որոնցից հյուսիսային խորանում պահպանված հատվածը պատկերում է շրջանի մեջ աստղազարդ կապույտ երկինք, կենտրոնում` հրեշտակ: Եկեղեցու հյուսիսային պատին կից, աստիճանաձև պատվանդանի վրա, XI դ. հուշասյուն է կանգնեցվել` գագաթին խոյակի վրա դրված խաչարձանով։ Ստ. Օրբելյանը եկեղեցու շինարարությունը վերագրում է Շահանդուխտի որդի Սևադային, մինչդեռ շինարարական արձանագրության համաձայն շինարարությունը կատարվել է հենց իր` Սմբատ թագավորի կողմից: Եկեղեցու կտիտոր պետք է համարել Սմբատ թագավորին, իսկ Սևադան այստեղ, ամենայն հավանականությամբ, Սմբատի գործակալն էր և շինարարության անմիջական ղեկավարը: Շահանդուխտ թագուհին և իշխան Սևադան թաղվել են Որոտնավանքում:
1340-ական թվականներին Գլաձորի համալսարանից Որոտնավանք է տեղափոխվել Հովհան Որոտնեցին: XIII դ. 80-ական թվականներին Որոտնավանքում է գործել Գրիգոր Տաթևացին, որը 1386թ. այստեղ ընդօրինակել է Պետրոս Արագոնացու «Գիրք յոթն առաքինութեանցը»: 1407թ. Որոտնավանքում Առաքել ծաղկողը Ավետարան է գրչագրել և նկարազարդել:
1438թ. վանահայր Սարգիս Անգեղակոթցին վերակառուցել է Ս. Կարապետ եկեղեցու գմբեթը: Եկեղեցին հատկապես հարուստ է վիմական արձանագրություններով, որոնց մեծ մասը նվիրատվական բնույթի են, մի մասն էլ վկայում են տարբեր ժամանակներում կատարված վերանորոգումների մասին:
Որոտնավանը գործել է մինչև XXդ սկիզբը: 1931 թ երկրաշարժից ավերվել է Ս. Կարապետ եկեղեցու գմբեթը և ծածկերը, հուշասյունը, սյունասրահները, վանքի տնտեսական շինությունները, պարիսպը:
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ
Տաթևի վանքը գտնվում է Տաթև գյուղում, Որոտան գետի աջափնյա` բարձրադիր հարթավայրի վրա: IVդ. կառուցվել է մի եկեղեցի, որը դարերի ընթացքում վերածվեծ վանական համալիրի և դարձավ հոգևոր-մշակութային կենտրոն, VIIIդ. վերջից` Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստ: Տաթևի վանական համալիրը եղել է կրոնական կալվածատիրական խոշոր հաստատություն, իր ենթակայության ներքո ունեցել է բազմաթիվ գյուղեր, այգիներ ու կալվածքներ և կարճ ընդհատումներով գործել է շուրջ 1600 տարի: Տաթևի վանքում գործում էր միջնադարյան Հայաստանի խոշարագույն ուսումնական և գիտական համալսարանը, որը հիշատակվում է 1390թ.-ից: Այստեղ է գործել նաև մանրանկարչության դպրոցը: X դ. վանքին կից ստեղծվել է մատենադարան: Ըստ Ստ. Օրբելայնի այստեղ ձեռագրերի թիվը հասնում էր 10000: Երևանի Մաշտոցի անվան մատենադարանում պահվում են դրանցից 140-ը։
Համալիրը բաղկացած է երեք՝ Ս. Պողոս-Պետրոս, Ս. Գրիգոր, Ս. Աստվածածին եկեղեցիներից, զանգակատնից, «գավազանից» /ճոճվող սյուն/, առաջնորդարանից, գրատնից, սեղանատնից, դամբարանից, բնակելի ու տնտեսական և օժանդակ այլ շինություններից: Վանքի գլխավոր Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 895-906թթ Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ, Սյունյաց գահերեց իշխան Աշոտի և իշխաններ Գրիգոր Սուփանի ու Ձագիկի օժանդակությամբ: Այն ինքնատիպ հորինվածքով ուղղանկյուն դահլիճ է, արևելյան աբսիդով և նրան հարող զույգ ավանդատներով: Գմբեթը հենվում է ավանդատների արևմտյան պատերի վրա և արևելյան կողմում տեղադրված հզոր մույթերի վրա, որոնք հորհրդանշում են Պողոս և Պետրոս առաքյալներին: Եկեղեցին կառուցված է մեծադիր մաքուր տաշած բազալտե քարերից: Արևելյան ճակատը հարդարում են «հայկական խորշերը», որոնցից վերև պատկերված է իշխան Աշոտը և նրա կինը Շուշանը: 930թ. Հակոբ եպիսկոպոսի պատվերով մի ֆրանսիացի նկարիչ նկարազարդել է եկեղեցու ներսի պատերը, Քրիստոսի, առաքյալների, սրբերի պատկերներով և Ծննդյան հորինվածքով որմնանկարներով: Եկեղեցու գմբեթը կործանվել է 1138թ. երկրաշարժից, վերականգնվել 1274թ., վերստին քանդվել 1931թ. երկրաշարժից և վերակառւցվել 1970-90-ական թթ:
848թ. Ս. Պողոս-Պետրոս եկեղեցուն կից Փիլիպե իշխանը կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը կործանվել է 1295թ. երկրաշարժից: Սյունյաց մետրոպոլիտ, պատմագիր Ստ. Օրբելյանը 1295թ. նույն տեղում կառուցում է Ս. Գրիգոր Լուսավորիչ նոր եկեղեցին` թաղածածկ դահլիճի հորինվածքով /ենթադրվում է, որ ճարտարապետը Մոմիկն էր/:
1087թ. վանքի դարպասի և նրան կից դամբարանի ծածկերի վրա իբրև երկրորդ հարկ կառուցվել է Ս. Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցին:
Ս. Պողոս-Պետրոս տաճարի հարավային մուտքի առջև է գտնվում Գրիգոր Տաթևացու գերեզմանը, որի վրա 1787թ. կառուցվել է մատուռ-դամբարանը, իսկ տաճարի արևմտյան կողմում կառուցվել է գավիթ և զանգակատուն, որոնք XIXդ. վերջին քանդվել են, և տաճարի արևմտյան մուտքի առջև կանգնեցվել է բարձր եռաստիճան զանգակատուն: Հարավային պատին կից 1043թ. կառուցվել է կամարակապ սրահ, որը քանդվել է 1931թ. երկրաշարժից։
Համալիրի զարդն է բակի կենտրոնում՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց արևելք, կանգնեցված Ս. Երրորդությանը նվիրված «գավազան» կոչվող հուշասյունը՝ պսակված քանդակազարդ խաչով /X դ. սկիղբ/, որը շարնիրային սկզբունքով իրականացված հիմքի շնորհիվ ճոճվել է, չի վնասվել ոչ մի երկրաշարժից:
XIII-XVIIIդդ վանքը շրջապատվել է կիսաշրջանաձև աշտարակներով ուժեղացված պարիսպներով՝ կից խցերով, թաղածածկ սեղանատնով, առաջնորդարանի երկհարկ շենքով և այլ տնտեսական շինություններով:
Վանքի արևելյան պարսպին ուղղահայաց ձգվում է 74,5մ երկարությամբ վանահայր Աբրահամի կողմից կառուցված դպրոցի շենքը: Տասներկու թաղածածկ դասասենյակները տաքացվում էին բուխարիկներով, մուտքերը բացվում էին դեպի փայտե պատշգամբ:
Վանքի պարսպապատերից դուրս պահպանվել են նաև ուշ միջնադարում կառուցված ձիթհանը, բաղնիքի շնքը, կամուրջը: Հյուսիս-արևելյան կողմում է գտնվում վանքի ձիթհանը /XIIIդ. վերջ/` բաղկացած չորս սենյակներից, որոնց թվում են գմբեթածածկ կալատունը և թաղածածկ մամլման բաժինը: Ձիթհանից արևելք ձորալանջին վանքի թաղածածկ բաղնիքն է: Վանքից արևմուտք կանգուն է գլանաձև թաղով սրբատաշ բազալտե քարից կառուցված կամուրջը, որի արևմտյան ճակատին պահպանվել է 1672թ. շինարարական արձանագրությունը: Գյուղի հարավային եզրին գտնվում է միակամար թաղածածկ երկթեք տանիքով աղբյուրի շենքը՝ կառուցված կոպիտ տաշված բազալտից /կամարը և անկյունները` սրբատաշ քարից/:
XXդ. վերջերին վանքի տարածքում և շրջակայքում իրականացվել են շինարարական և վերականգնողական աշխատանքներ։
ՏԱԹԵՎԻ ԱՆԱՊԱՏ
Տաթևի անապատը գտնվում է Որոտան գետի աջ ափին, «Սատանի» կամուրջի մոտ, Տաթևի վանքի հարավ-արևմտյան կողմում, Տաթևի ձորի և Որոտանի միախառնվելու տեղում։ Այն կառուցվել է 1613թ և հանդիսանում էր XVIIդ. նշանավոր կրոնական կենտրոն: Ուներ բարձր տիպի դպրոց, կուսանոց: Եղել է գրչության հայտնի կենտրոն՝ վանքի անվանի գործիչներից է ծաղկող Հակոբ Շոռոթեցին: 1660թ. այստեղ է փոխադրվել 1658թ. երկրաշարժից կործանված Հարանց անապատի միաբանությունը: Տաթևի մեծ անապատը շրջապատված է բարձր ուղղանկյուն պարիսպներով։ Անապատի միակ եկեղեցին գտնվում է հարավ-արևմտյան մասում՝ սրբատաշ բազալտից շինված Ս.Աստվածածին եռանավ բազիլիկը, որին արևմուտքից կից է գավիթ-սրահը /կառուցել է Մելիք Եգանը, 1743թ./, հյուսիսից՝ Տաթևի մեծ անապատի հիմնադիր վանահայր Արիստակեսի /մահացած 1669թ./ գմբեթավոր մատուռ-դամբարանը։ Եկեղեցուց արևելք գտնվում է աղբյուրը, դեպի հարավ՝ սեղանատունը խոհանոցով, արևմտյան և հյուսիսային պարիսպներին կից՝ բնակելի խցերը։ Բակում կանգուն է բնակելի սենյակների մի այլ խումբ՝ L-աձև ընդհանուր հատակագծով։ Հարավային կողմում սեղանաձև հատակագծով օժանդակ մասն է։
Տաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարի հայկական հոգևոր ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։ Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIIIդ. Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական պայքարի ժամանակ։ |