Աղբյուրագիտության բաժինը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից է:
Աղբյուրագիտության բաժինը հավաքագրում է տեղեկություններ Հայաստանի Հանրապետության, Արևմտյան Հայաստանի, արտերկրի հայկական, պատմական, պատմաճարտարապետական, հնագիտական հուշարձանների, ինչպես կանգուն, այնպես էլ ավերված կամ ոչնչացված հուշարձանների մասին, որոնց տվյալները պահպանված են գրականության մեջ, մամուլում կամ արխիվներում: Բաժնի հիմնական խնդիրն է կազմել գիտատեղեկատու քարտարան ոչ միայն առկա կամ կործանված բազմաթիվ կոթողների, այնպես էլ այժմ կառուցվող նյութական և հոգևոր արժեքների վերաբերյալ: Այդ նպատակով բաժինն ուսումնասիրում է պատմական, ճարտարապետական և ազգագրական բնույթի հայ և օտար հեղինակների մենագրություններ, վավերագրեր:
Տարիների ընթացքում ստեղծվել է հուշարձանների հարուստ գիտատեղեկատու քարտարան, որը ընդգրկում է.
• հնագիտական հուշարձաններ` քարայրներ, ամրոցներ, դամբարանադաշտեր, ջրանցքներ,
• պատմության հուշարձաններ` շենքեր, հիշարժան վայրեր` կապված կարևոր պատմական իրադարձությունների հետ,
• քաղաքաշինական և ճարտարապետական կառույցներ` միջնաբերդեր, ճարտարապետական համալիրներ, ժողովրդական ճարտարապետական կառույցներ,
• մոնումենտալ արվեստի և մեմորիալ հուշարձաններ:
Քարտարանը բովանդակում է հուշարձանների պատմական, մշակութային և գեղարվեստական արժեքների հակիրճ շարադրանքը: Մատենագիտական քարտարանում հուշարձանների նկարագրությանը զուգահեռ տրվում են ավանդություններ, լեգենդներ` կապված դրանց ստեղծման, անվան հետ:
Բաժինը 2007թ.-ին հրատարակել է «Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան»: Բաժնի կողմից հրատարակության են պատրաստվել նաև Արևմտյան Հայաստանի Բիթլիս նահանգի հայկական հուշաևձանների բառացանկը, ընթացքում են Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր նահանգի և Կարսի շրջանի հայկական հուշարձանների բառացանկերի կազմման աշխատանքները:
Բաժնի աշխատանքներում ներգրավված են բաժնի վարիչը և երեք գիտաշխատող: Բաժնի վարիչը ղեկավարում է բաժնի գործունեությունը և կրում էպատասխանատվություն բաժնի աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև վերջինիս վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում տնօրենին /բնագավառը համակարգող փոխտնօրենին/: Բաժնի վարիչը համակարգում է ընթացիկ ծրագրերի հետ կապված գիտաշխատողների աշխատանքային գործունեության շրջանակները:
Բաժնի գիտաշխատողները կազմում են հուշարձանների բառացանկերը, իրականացնում հուշարձանների վերաբերյալ նյութերի հավաքագրման աշխատանքները, հրատարակության պատրաստում ծրագրով նախատեսված գիտատեղեկատվական նյութերը:
|