Հաշվապահությունը հանդիսանում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկը, որն իր աշխատանքային գործունեությամբ իրականացնում է անհրաժեշտ հիմնական, շրջանառու և դրամական միջոցների հաշվապահական հաշվառում, հաշվետվությունների կազմում և ներկայացում, աշխատակիցների աշխատաժամանակի ու աշխատավարձի հաշվարկում և վճարում:
Հաշվապահությունը, որպես ֆինանսական գործունեությունը վերահսկող ստորաբաժանում, սկզբնական փաստաթղթերով, հաշվառման մատյաններով, համակարգչային կրիչներով ստացված ողջ տեղեկատվությունը ներառում է ֆինանսական հաշվետվությունների մեջ և ըստ հաշվային պլանի մուտքագրում կամ դուրս գրում ծառայության հաշվեկշռից: Հաշվապահական հաշվառման հաշվետվությունների տվյալների իսկությունն ստուգելու նպատակով հաշվապահությունը, տնօրենի հրամանով, յուրաքանչյուր եռամսյակ և տարեվերջին կամ նյութական պատասխանատու անձի փոփոխման դեպքում, անցկացնում է ապրանքանյութական արժեքների գույքագրում և հետագա օգտագործման համար ոչ պիտանի նյութական արժեքների դուրս գրում: Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և տեղեկատվությունը պահպանվում են ՀՀ օրեսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Հաշվապահության աշխատանքները իրականացվում են գլխավոր հաշվապահի, տնտեսագետի, երկու ավագ հաշվապահների և գանձապահի կողմից:
Գլխավոր հաշվապահն իրականացնում է հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմումն ու ներկայացումը, ինչպես նաև ապահովում է ստացվող հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառույթների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում: Գլխավոր հաշվապահն ապահովում է փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների տնտեսապես հիմնավորված հաշվարկների կազմումը, ինչպես նաև կազմակերպության աշխատակիցների նյութական խրախուսման համար միջոցների առանձնացումը: Հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների ձրակերպման կարգի պահպանման, աշխատավարձի ֆոնդի ծախսման համար, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների գույքագրման, հաշվետվությունների կազմման, ինչպես նաև կազմակերպության ստորաբաժանումներում փաստաթղթերի ստուգումներ կատարելու նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է գլխավոր հաշվապահի կողմից:
Տնտեսագետն իրականացնում է կազմակերպության և նրա ստորաբաժանումների տնտեսական գործունեության տնտեսագիտական վերլուծություն, կատարում է նյութական, աշխատանքային և ֆինանսական ծախսերի հաշվարկներ, հետևում պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետներին, մասնակցում մշակված տնտեսական պլանների կատարմանը, վարում կազմակերպության և նրա ստորաբաժանումների գործունեության արդյունքների տնտեսական ցուցանիշների, ինչպես նաև կնքված պայմանագրերի հաշվառում:
Ավագ հաշվապահները կատարում են տնտեսական գործառույթների հետ կապված հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներ, իրականացնում հաշվապահական հաշվառման կոնկրետ ուղղություններին համապատասխան սկզբնական փաստաթղթերի ընդունումը, հսկողությունը, հաշվառումը, իրականացնում են պետական բյուջե հարկերի և տուրքերի, սոցիալական ֆոնդեր ապահովագրական վճարների, բանկային կազմակերպություններ վճարումների, աշխատողների աշխատավարձի հաշվարկման, վճարման և փոխանցման հետ կապված աշխատանքներ, ինչպես նաև պատրաստում են տվյալներ հաշվապահական հաշվառման համապատասխան ուղղության վերաբերյալ հաշվետվություն կազմելու համար, հետևում են հաշվապահական փաստաթղթերի պահպանմանը:
Գանձապահն իրականացնում է դրամական միջոցների ընդունման, հաշվառման, հանձնման և պահպանման հետ կապված գործողություններ` պարտադիր կատարելով դրանց պաշտպանությունն ապահովող կանոնները, սահմանված կարգով ձևակերպված փաստաթղթերով բանկերից ստանում դրամական միջոցներ, մուտքային և ելքային փաստաթղթերի հիման վրա վարում դրամարկղային գիրքը, համեմատում փաստացի և ըստ դրամարկղային գրքի դրամական միջոցների մնացորդները, կազմում դրամարկղային հաշվետվություն:
|