Աշխարհի տարբեր վայրերում այսօր կան մեգալիթիկ կառույցներ, որոնք ամենայն հավանականությամբ մարդկության ծագումնաբանության շատ գաղտնիքներ են պարունակում կամ, ըստ էության, մարդկային նախասկզբնական քաղաքակրթության վավերական վկայություններ են: Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս է գտնվում այդպիսի հնագույն մեգալիթյան կոթողային համալիրներից մեկը` Զորաց Քարերը, որը իր տեսակի մեջ լինելով առանձնահատուկ, դեռևս լիարժեք ուսումնասիրված չէ: Դեռ հեռվից նկատելի են հարթավայրում տեղադրված հսկայական մոնոլիտների շարքերը, որոնք ձգվում են հարավից հյուսիս, իսկ այդ շարքերով սահմանափակված տարածքի ներսում կազմում են ճշգրիտ շրջանագիծ: Հուշարձանը որոշակի դասավորությամբ, ուղղահայաց կանգնեցված բազմաթիվ քարերի մի համալիր է` տեղավորված երեք հեկտարից ավել տարածության վրա: Դրանք մինչև երեք մետր բարձրություն ունեցող, մինչև տասը տոննա կշռող 204 բազալտե քարեր են, որոնցից 76-ի վրա կան 5-7 սմ տրամագիծ ունեցող անցքեր:
Գիտական շրջանակներում այս կառույցի վերաբերյալ առկա են երկու հիմնական տեսակետ: Առաջին տեսակետն այն է, որ կանգնեցված քարերը մենհիրներ են, կենտրոնական ձվաձև կառույցը` կրոմլեխ, իսկ քարերի վրա բացված անցքերը ունեն տեխնիկական նշանակություն: Ըստ երկրորդ տեսակետի, Զորաց քարերը իրենից ներկայացնում է հնագույն աստղադիտարան նախատեսված երկանային լուսատուների շարժը դիտելու և ժամանակը չափելու համար, իսկ քարերի վրա բացված անցքերը նախատեսված են տարբեր բարձրություններից, որոշակի կետերից երկնային լուսատուների շարժմանը և դիրքին հետևելու համար:
Հնագետները, հիմնվելով հնագիտության տվյալների վրա, գտնում են, որ Զորաց քարերը կառուցվել է Ք.ա. 3-2-րդ հազ. սահմանագլխին` վաղ բրոնզից միջին բրոնզին անցումային ժամանակաշրջանում և հարատևել մինչև Ք. ա. 1-ին հազ. կեսերը: Որոշ աստղագետներ, հիմնվելով աստղագիտական հաշվարկների վրա, գտնում են, որ հուշարձանը 6000 կամ 8000 տարեկան է, և թվագրվում է Ք.ա. 4-6-րդ. հազարամյակներով: Իսկ ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու ենթադրության, ով Քարահունջ անունն է տվել, հուշարձանը 7500 տարի առաջ եղել է սրբավայր և աստղադիտարան: Հնագիտական պեղումների ընթացքում այստեղ հայտնաբերվել են մ.թ.ա. 3-1-րդ հազ. դամբարաններ:
Ավանդության համաձայն, «Զորաց քար» անունը ստուգաբանվում է «ուժի քար», ինչը թերևս կապվում է իրողության հետ, քանի որ հուշարձանախումբը տեղակայված է երկիր մոլորակի ուժային վայրերից մեկում:
Չպետք է բացառել նաև, որ հուշարձանի «զոր-ուժ» իմաստային եզրը կարող է առնչություն ունենա հայոց զինվորականության, նախնիների ռազմական զորության պաշտամունքի հետ: Հայտնի է, որ հայերին համարում էին «պատերազմական անփոխարինելի ձիավոր և հետևակ ռազմիկներ ամենից քաջամարտիկ տեսակի»:
Հնարավոր է, որ այն կապ ունի նաև «զոհարան» իմաստի հետ, քանի որ հայերեն «զոր»-«ուժ» արմատը ընդհանուր իմաստային եզր ունի «զոհ» արմատի հետ: Այսինքն, Զորաց քար կարող էր նշանակել նաև Զոհաց քար` վայր, որտեղ կատարվում էին զոհաբերություններ:
Հուշարձանը հայտնի է նաև Դիք, Դիք-դիք քարեր անունով, որ նշանակում է «աստվածների քարեր», այլ ոչ «ցից քարեր», քանի որ «դիք» բառաձևը «դի»-«աստված» բառարմատի հոգնակին է, որ հայերենին է անցել հնդեվրոպական նախալեզվից:
Հուշարձանախմբի մյուս անունը` Քարահունջ, կապվում է հնագույն հեթանոսական աստվածներից` Քուարի պաշտամունքի հետ, որը Մհերի դռան արձանագրության մեջ նշվում է որպես երկրի, երկնային ու երկրայի ջրերի, կայծակի ու պտղաբերության աստված: Կարելի է ենթադրել, որ Քարահունջը նշանուկում է «Քուար աստծո տաճար»: Ոմանք Քարահունջ անունը ստուգաբանում են «Արա/Արեգ աստծո տաճար», որտեղ «քա»-ն նշանուկում է աստված, իսկ Արան մեր հեթանոսական կրոնում ներկայանում է որպես մեռնող և հարություն առնող արևային աստված: Հնարավոր է, Քարանունջ անունը ծագում է քարահունչ բառից, որ նշանակում է «քարերի ձայն, հունչ»: Մարդիկ հավատում էին, որ այս քարերը փոխանցում են բնության ձայնը, աստվածների խոսքը, որն ունկնդրելով պատգամախոս քրմերը գուշակություններ էին անում:
«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցը ստեղծվել է ՀՀ կառավարության 2009 թ. հունիսի 26-ի N 853-Ն որոշմամբ: |