ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T16:00:42+00:00 02/05/2016|Վայոց Ձոր|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության և «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց- թանգարանի աշխատակիցների ջանքերով մարզի Մալիշկա համայնքի Մ.Լոմոնոսովի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում անցկացվել է Կոմիտասին և Մեծ եղեռնի զոհ դարձած հայ մտավորականներին նվիրված հուշ-երեկո: Միջոցառումն ուղեկցվել է ցեղասպանության արհավիրքը պատկերող լուսանկարների ցուցադրությամբ, Կոմիտասի երգերի կենդանի կատարումներով, Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի ստեղծագործությունների ընթերցմամբ:

Հուշ-երեկոյի ընթացքում դպրոցականներին ներկայացվել են հայ վիրժառուների կյանքին ու սխրանքներին առնչվող դրվագներ: Առանձնացնելով Կոմիտասի սան, նրա լավագույն ընկեր, կոմիտասյան երգերի մենակատար, նաև ռազմական գործիչ Վահան Տեր Առաքելյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը, մարտական սխրանքները՝ նշվել է, որ Վ.Տեր-Առաքելյանը պարգևատրվել է ցարական Ռուսաստանի Սուրբ Աննայի 4-րդ, 3-րդ, 2-րդ աստիճանի շքանշաններով, Սուրբ Վլադիմիրի շքանշանով և այլն:

Հուշ-երեկոյի մասնակիցներն ունկնդրել են Վահան Տեր Առաքելյանի կատարմամբ երգերի ձայնագրությունը:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը «ՄԵԿ ԵՎ ԿԵՍ ՄԻԼԻՈՆ» գրառումով պաստառ էր փակցվել կրթօջախի դահիլճում, բեմի դիմաց տեղադրվել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վառվող մոմերով մանրակերտը:

ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին, նշեց, որ Վահան Տեր Առաքելյանի խոնարհված տունը գտնվում է թիվ 2 դպրոցի հարևանությամբ, ուր ժամանակին հյուրընկալվել էր նաև Կոմիտասը: Տան ավերակների վրա գյուղացիները մատուռ են կառուցել ու խաչքար դրել: Եվ՝ ըստ նրա, մեր մեծերի հետ կապված ամեն մի մանրամասն մենք պարտավոր ենք հիշել, պահպանել ու փոխանցել մեր սերունդներին:

Միջոցառման ավարտին մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել ս. Աննա եկեղեցու բակում գտնվող ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցրած խաչքարի մոտ:

ՊՄՊ մարզային ծառայության հետ ակտիվ համագործակցության համար Մ. Դովլաթյանը կրթօջախի տնօրինությանն է հանձնել ՊՈԱԿ-ի շնորհակալագիրը: