ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԱՄՐՈՑ «ԻՆԱՔԼՈՒ ԴԱՐ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԱՄՐՈՑ «ԻՆԱՔԼՈՒ ԴԱՐ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

2018-03-29T15:53:11+00:00 10/05/2016|Արագածոտն, Լրահոս|

Հուշարձանի նկատմամբ իրավախախտման հերթական փաստն է արձանագրվել Արագածոտնի մարզում: Տարեսկզբից սա երրորդ դեպքն է ( նախորդ երկուսը՝ Ոսկեվազ համայնքի «Ամրոցի համալիր Ախթամիր» /պետ ցուցիչ՝ 2.87.1/ և Օհանավան համայնքի «Հովհաննավանք վանական համալիր» /պետ ցուցիչ՝ 2.112.17/ հանրապետական նշանակության հուշարձանների տարածքներում):

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պատասխանատուները հուշարձանի տարածք կատարած հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են, որ Անտառուտ համայնքի Ամրոց «Ինաքլու դար» հուշարձանի /պետ. ցուցիչ 2.28.3./ տարածքում հողաշինարարական աշխատանքներ են իրականացվում, որի արդյունքում մեծ վնաս է հասցվում հուշարձանին:

«Ինաքլու դար»-ը թվագրվում է մ.թ.ա. 2-1 հազարամյակներով, գտնվում է Անտառուտ գյուղի եզրին՝ համանուն բլրի վրա. այն հանրապետական նշանակության հուշարձան է և ընդգրկված է պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում:

Իրավախախտները հուշարձանի պահպանական գոտու տարածքը (հաստատված՝ դեռևս 1986թ.) ցանկապատելու նպատակով տեղադրել են խողովակներ, ջրագիծ է անցկացվել, համապատասխան տեխնիկայի միջոցով իրականացվել է հողահարթեցում և տնկվել են ծառեր:

ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պատասխանատուները Անտառուտ համայնքի ղեկավարին և հուշարձանի տարածքում աշխատանքներ իրականացնող քաղաքացուն հորդորել և պահանջել են դադարեցնել աշխատանքները, սակայն՝ ապարդյուն:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իրավախախտման փաստի առիթով դիմել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, Արագածոտնի մարզպետին, Անտառուտ համայնքի ղեկավարին: