ԱՐՑԱԽՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՀԻՆԳ ԳՏԱԾՈ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

ԱՐՑԱԽՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՀԻՆԳ ԳՏԱԾՈ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

2016-07-11T15:34:14+00:00 May 16th, 2016|Լրահոս|

Արցախի արևելյան շրջանում ինժեներական աշխատանքներ կատարելիս ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայողներն անտիկ դարաշրջանի դամբարանադաշտ են հայտնաբերել: ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Դիաննա Միրիջանյանի փոխանցմամբ՝ բացվել է անտիկ դարաշրջանի 2 դամբարանադաշտ, որոնցից մեկը ամբողջությամբ է բացված, իսկ մյուսը՝ կիսաբաց է: Դ. Միրիջանյանի տեղեկացմամբ՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագիտական խումբը համապատասխան աշխատանքներ իրականացնելու նկատառումով մեկնել է տարածք: Տարածքի ուսումնասիրությունից պարզվել է, որ հայտնաբերվել է անտիկ դարաշրջանի 2 դամբարանադաշտ, գտնվել է երկու ամբողջական գտածո` եռատերև սափոր ու գավաթ, ափսեի մի քանի բեկորներ:

«Գտածոներն այս պահին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունում են, մաքրման աշխատանքներ են իրականացվում, որից հետո դրանք կհամալրեն մեր ՊՈԱԿ-ի ֆոնդը»,-ասաց Միրջանյանը` հավելելով, որ մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, դրանք կցուցադրվեն Տիգրանակերտի հնագիտական թանգարանում:

Վայրը, որտեղից հայտնաբերվել են գտածոները Տիգրանակերտի ճանապարհին է: Դ. Միրիջանյանը չի բացառում, որ անտիկ շրջանի դամբարանները հետագայում գրավիչ կդառնան զբոսաշրջիկների համար։

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծի երկայնքով ապրիլի սկզբներին ծավալված ռազմական գործողությունների օրերին հայ զինվորները հայտնաբերել են նաև այլ գտածոներ: Ավելի վաղ, հենց առաջնագծում, հայտնաբերվել էր կճուճ (ծիսական անոթ)՝ թվագրված մ.թ.ա. 7-6 հազ.: Սահմանային մեկ այլ վայրից էլ՝ սափոր և դաշույն: Ընդհանուր առմամբ, ապրիլ-մայիս ամիսներին հայտնաբերվել է տարբեր դարաշրջաններին վերաբերող 5 գտածո: «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ում դժվարանում են ասել, թե երբ կսկսվեն դամբարանադաշտերի ուսումնասիրությունները` նկատի ունենալով ներկա ռազմաքաղաքական իրավիճակը, սակայն վստահեցնում են, որ առաջին իսկ հնարավորության դեպքում աշխատանքներ կիրականացվեն:

Հայրենիքին անձնվիրաբար ծառայող մեր զինվորները, փաստորեն, նույն պատասխանատվությամբ պահպանում են նաև մեր մշակութային ժառանգությունը: