Բնակլիմայական պայմանների` ուժեղ քամու և կարկուտի հետևանքով վնասվել է Երևան-Սևան մայրուղու 32-րդ կմ-ի վրա գտնվող քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակությամբ 1978թ. կառուցված «Ճանապարհաշինարարներին» հուշարձանի /պետ.ցուցիչ 6.8.14/ վերևի դեռևս կանգուն մնացած հատվածը: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցներն՝ այսօր առավոտյան կատարած շրջայցի ընթացքում արձանագրել են, որ այն ամբողջովին շրջվել և կախվել է, ինչն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ ամեն վայրկյան կարող է պոկվել ու ցած ընկնել: Հուշարձանի ներքևի հատվածից էլ /3 մետր երկարությամբ և 1 մետր լայնությամբ/ մի կտոր պոկվել ու ընկել է գետնին:
Հուշարձանի վնասված հատվածը ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պատասխանատուները և ՀՀ Ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցները հեռացրել են` տեղափոխելով Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տարածք:
Հ.Գ. Տեղական նշանակության հուշարձանի կողոպտումը սկսվել էր դեռևս 2007թ.: 2009թ. ոստիկանությունը հայտնաբերել էր երեք իրավախախտների, քր. գործ էր հարուցվել, սակայն, վնասը չփոխհատուցվեց, հուշարձանը չվերականգնվեց: Հուշարձանի նկատմամբ իրավախախտում էր արձանագրվել նաև 2012 և 2013 թթ.: Այն հերթական «փորձության» էր ենթարկվել 2015 թ. հուլիսի 12-ին: Ուժգին քամուց պոկվել էր տարիներ շարունակ բազմակի կողոպուտներից խարխլված հուշարձանի ստորին հատվածը: Չարենցավանի քաղաքապետի համաձայնությամբ պոկված հատվածը ՊՈԱԿ-ի աշխատակիցների վերահսկողությամբ տեղափոխվել էր Չարենցավանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տարածք` ժամանակավոր պահպանության, որտեղ և պահվում է մինչ օրս: