ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

2018-03-29T16:00:42+00:00 27/05/2016|Վայոց Ձոր|

ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության նախաձեռնությամբ ՀՀ երիտասարդական հիմնադրամի Եղեգնաձորի մասնաճյուղի դահլիճում բացվել է «Վայոց ձորի պատմության և մշակույթի հուշարձանները երիտասարդների աչքերով» գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես:

Մինչ այդ՝ մարզային ծառայության նախաձեռնությամբ անցկացվել էր մարզի 20 դպրոցների շնորհալի երեխաների գեղանկարչական աշխատանքների մրցույթ: Լավագույն 45 աշխատանքներ ընդգրկվել էին վերոնշյալ ցուցադրության մեջ:

Ցուցահանդեսում հաղթողներ և պարտվողներ չեն եղել: Ամփոփելով արդյունքները՝ մարզի 10 դպրոցներ արժանացել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի շնորհակալագրերին, ՊՈԱԿ-ի պատվոգրերով պարգևատրվել են 11 լավագույն գործերի հեղինակները:

Վայոց ձորի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետ Արփիար Ղազարյանը խրախուսելով նախաձեռնությունը նշել է, որ անհրաժեշտ է միջոցառումը դարձնել ավանդական` ընդգրկելով ավելի շատ շնորհալիների: Ցուցահանդեսի կազմակերպումը կարևորել է նաև Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի տնօրեն, գեղանկարիչ Կամո Սահակյանը:

ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը շնորհակալություն է հայտնել դպրոցների տնօրեններին, նկարչության ուսուցիչներին, ՀՀ երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մասնաճյուղի անձնակազմին, ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցներին` ցուցահանդեսի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար: «Այս նախաձեռնության նպատակը պատանիներին հայրենի հուշարձաններին ծանոթացնելն է, ազգային արժեքների վերականգմանն ու պահպանմանը նպաստելը: Պատմության և մշակույթի հուշարձանների նկատմամբ հոգածություն սերմանելը կնպաստի, որպեսզի պատանիները ոչ միայն ճանաչեն այլև սրտացավ ու ակտիվ լինեն այդ հուշարձանների պահպանության գործում»,- ասել է Մելանյա Դովլաթյանը:

ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության նախաձեռնությամբ անցկացվել է նաև Ավարայրի ճակատամարտի 1565-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Կազմակերպվել է Վանդանանց նահատակների հիշատակին նվիրված երթ՝ Եղեգնաձոր-Շատին-Արտաբույնք երթուղով: Դրանք հենց այն բնակավայրերն են, որտեղ տեղի են ունեցել չորս մեծ ճակատամարտերը:

Միջոցառումը մեկնարկել է Եղեգնաձորի Սուրբ Սարգիս եկեղեցուց: Միջոցառմանը մասնակցել են հուշարձանների պահպանության ոլորտի աշխատակիցները, մարզային Տարածաշրջանային քոլեջի դասախոսները, Վայոց ձորի թեմի հոգևոր դասը, եղեգնաձորցիները: Նրանք նախ՝ ներկա են եղել Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանի անցկացրած նահատակների հիշատակին նվիրված եկեղեցական արարողությանը, այնուհետև՝ հավաքվածները բարձրացել են «Քյոշկ» ամրոց, ծաղիկներ խոնարհել զոհվածների հիշատակին և լսել ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության գիտական խորհրդի անդամ Կ. Կարապետյանի Վարդանանց պատերազմի վերաբերյալ պատմական ակնարկը: Ապա՝ ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ երթի ավտոշարասյունն ուղևորվել է Վարդանանց ճակատամարտերի վայրեր: Նահատակների հիշատակին կառուցված սրբավայրերում ծաղիկներ են դրվել և մոմեր վառվել:

Երթն ավարտվել է Արտաբույնքում, որտեղ մշակույթի տանը Պետական քոլեջի և Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ կազմակերպվել է գրական-երաժշտական ցերեկույթ: Միջոցառմանը ներկա է եղել նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Աբգարյանը: