«ՄԵԾԱՄՈՐԸ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՀԱՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է․ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿԻ

«ՄԵԾԱՄՈՐԸ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՀԱՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է․ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿԻ

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց թանգարանում այսօր մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը։ Այն անցկացվում է ոչ միայն Հայաստանում այլև Արցախում։ Հայաստանը «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառմանը միացել է 2000 թվականից։ Այս տարի այն անցկացվում է «Ժառանգությունը և համայնքները» խորագրի ներքո։

«Եվրոպական ժառանգության օրերի» բացմանը ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ-ում Եվրոպայի միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին։

Արև Սամուելյանի խոսքով «Եվրոպական ժառանգության օրերը» հրաշալի հնարավորություն են, որպեսզի հասարակությունը ծանոթանա ու գնահատի մեր հարուստ ժառանգությունը։ «Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկը «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում պատահական չէ, առաջարկն արեց պարոն Սվիտալսկին, ինչը ես, իհարկե, ողջունեցի։ Տարեցտարի այս ծրագրի շրջանակներում անցկացվող մշակութային միջոցառումների ցանկն ընդլայնվում է. այս տարի «Ժառանգությունը և համայնքները» խորագրով անցկացվող «Եվրոպական ժառանգության օրերը» նվիրվում են Հայաստանի անկախության 25 ամյակին»։

ՀՀ-ում Եվրոպայի միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին անկեղծացավ, թե ինչու են որոշել «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանից մեկնարկել «Եվրոպական ժառանգության օրերը»՝ «Այս գողտրիկ վայրը համաշխարհային մշակույթի գոհարներից մեկն է։ Այն ապացուցում է, որ Հայաստանը հազարամյակներով եղել է մշակութային փոխառնչությունների խաչմերուկում, այս մշակութային ժառանգությունը Հայաստանի հպարտություններից մեկն է։ Այս փոքրիկ հնավայրը վկայում է, որ Հայաստանը եղել է Եվրոպա տանող մշակութային դարպասը»։

Մեծամորի հնավայրի մասին նման բարձր գնահատականի պատճառը նաև այն է, որ ազգությամբ լեհ Պյոտր Սվիտալսկին մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հայ-լեհական հնագիտական արշավախմբի աշխատանքները և գրանցած հաջողությունները։

ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին վստահեցնում է, որ դեսպանատան գործունեության կարևոր նպատակներից մեկը երկու ժողովուրդների մշակութային կապերի ամրապնդումն է։ «2017 թվականին մենք տոնելու ենք Լեհաստանում հայկական համայնքի ստեղծման 650 ամյակը, այն Եվրոպայի ամենահին համայնքներից մեկն է։ Համոզված եմ, որ հաջորդ տարին լինելու է Լեհաստանի և Հայաստանի պատմական, մշակութային կապերի ամրապնդման լավագույն ժամանակահատվածը»,- ասաց դեսպանը։

Հայ – լեհական արշավախմբի համաղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը ներկաներին ծանոթացրեց վերջին տասն օրվա ընթացքում Մեծամորի հնավայրում հայտնաբերված արժեքավոր գտածոներին։ Դրանցից ուշագրավը սարդիոնից և ոսկուց վզնոցն է, ի դեպ գտածոն բացառիկ է նրանով, որ առաջին անգամ է հնավայրից հայտնաբերվում ամբողջական պահպանված վզնոց։

Միջոցառման ավարտին հյուրերը մեծագույն հետաքրքրությամբ դիտել են պատմահնագիտական արգելոց-թանգարանի մշտական ցուցադրությունը, արշավախմբի անդամների ջանքերով պատրաստված «Մեծամոր»-ի «աստղադիտարան»» ֆիլմը, շրջել են Մեծամորի հնավայրում, ծանոթացել հայ-լեհական հնագիտական արշավախմբի աշխատանքներին։