ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

2018-03-29T16:00:41+00:00 September 28th, 2016|Վայոց Ձոր|

ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց- թանգարանի և «Արփի» բնապատմական արգելոցի աշխատակիցների համատեղ ուժերով «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում ՝«Ժառանգությունը և համայնքը» խորագրի ներքո Արենի համայնքում անցկացվել են մի շարք միջոցառումներ։

Արենիի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանի աշակերտները հնարավորություն են ունեցել այցելել «Թռչունների քարայր» քարանձավ («Արենի 1», պետ. ցուցիչ՝ 9.8.12 ) և ծանոթանալ մ.թ.ա. V- IV հազարամյակների նյութական մշակույթի առանձնահատկություններին:
Այնուհետև միջոցառման մասնակիցներն այցելել են գյուղի ամենատարեց մարդուն`իննսունմեկամյա Սամվել Ծատուրյանին, ով սիրով հյուրընկալել է նրանց և պատմել, թե երբ և ինչպես են կառուցել արդեն «թանգարանի» վերածված հազարաշեն տունը: Ս. Ծատուրյանը հյուրերին ներկայացրել է աչքի լույսի պես պահվող տան հնամենի իրերը՝ մայրիկից ժառանգած 1911 թվականի գորգը, կենցաղային բազմաթիվ իրեր, որոնք արդեն դուրս են մնացել ժամանակակից առօրյայից:

Միջոցառումը շարունակվել է Արենիի մշակույթի տանը, որտեղ բացվել է «Ժառանգություն» խորագրով ցուցահանդես։ Ներկայացվել են արդեն պատմություն դարձած ճախարակ, սանդերք, տորք, իլիկ, կարպետներ, կուժեր, պղնձե սկուտեղներ, ինչպես նաև բազմաթիվ այլ իրերի լուսանկարներ: «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց- թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը ներկաներին պատմել է, թե ժամանակին ինչ նպատակով են օգտագործվել այդ իրերը:

Միջոցառումների շարքն ավարտվել է «Ժառանգությունը և Արենի համայնքը» ցերեկույթով, որտեղ ներկայացվել են համայնքի մշակութային հարստությունները. պատմամշակութային ու բնական հուշարձաններ, հնավայրեր, սրբատեղիներ, արժեքավոր արձանագրություններով բազմաթիվ խաչքարեր ու տապանաքարեր: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Արենիի միջնակարգ դպրոցի շնորհալի սաները, որն ուղեկցվել է գյուղի տեսարժան վայրերի, հուշարձանների, խաչքարերի մասին պատմող տեսաշարերով: Ավարտին ելույթ են ունեցել Արենի համայնքի ղեկավար Սերգեյ Սուքիասյանը և ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, ովքեր իրենց խոսքում հորդորել են աչալուրջ լինել, պահել ու պահպանել տարածաշրջանի հարուստ պատմամշակութային հուշարձանները, որոնք ժառանգել են նախնիներից և անխաթար փոխանցել այն հետագա սերունդներին:

Միջոցառմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, Արենիի դպրոցի տնօրենը, ուսուցիչներ, վետերաններ, մշակութի ոլորտի աշխատակիցներ: