ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:57:16+00:00 30/09/2016|Գեղարքունիք, Լրահոս|

ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Գավառի տարածաշրջանի Սարուխան գյուղի Ս. Մակարյանի անվան թիվ 1 դպրոցում անցկացվել է բաց դաս՝ «Հայկական ճարտարապետական կառույցների ճարտարապետների անվան հիշատակության ձևերը` արձանագրությունների մեջ» թեմայով։ Մարզային ծառայութայան պետի տեղակալ Շուշանիկ Հակոբյանը բաց դասի ընթացքում անդրադարձել է հուշարձանների հատկապես այն արձանագրություններին, որոնք վերաբերում են հուշարձանը կերտողին, վկայում են դրա կառուցման ժամանակաշրջանի մասին, ընդ որում խոսքը մի քանի հաճախակի օգտագործվող հասկացությունների մասին է։ Դրանցից ամենաշատ գործածվածը «շինել» բայն է: Իրենց հուշարձանի «շինող» են անվանում և´ թագավորներն ու իշխանները, և´ վանահայրերն ու առաջնորդները, և´ ճարտարապետները։ Շ․Հակոբյանն ունկնդիրների ուշադրությունը մասնավորապես հրավիրել է շինարարներին և ճարտարապետներին վերաբերող մի խումբ արձանագրություններին։ Բաց դասի նպատակը հուշարձանների արձանագրությունների մեջ ճարտարապետների անվան հիշատակության ձևերը ճանաչելի դարձնելն է։

Բաց դասին հաջորդել է ակտիվ քննարկում, որի ընթացում աշակերտները խոսել են մի քանի նշանավոր պատմիչների թողած պատմահնագիտական դիտարկումների մասին: Նախապես պատրաստված լինելով ՝ երեխաներն իրենք ևս հետաքրքիր տեղեկություններ են ներկայացրել:

Եզրափակելով բաց դասը՝ Շ․ Հակոբյանն ընդգծել է․ «Ժամանակներն անցնում են, երբեմն մոռացվում են նաև անհատները, բայց նրանց թողած քարեղեն կերտվածքները մնում են, դրանք մեր ճարտարապետների հանճարի վկայություններն են, և մենք պարտավոր ենք ակնածանքով հիշել նաև այդ կոթողների «հիմնարկողին, կառուցողին, շինողին»: