ՎԵՐԱԶԱՐԹՈՆՔ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻՋՈՑՈՎ. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

ՎԵՐԱԶԱՐԹՈՆՔ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻՋՈՑՈՎ. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

2018-03-29T16:00:45+00:00 04/04/2012|Վայոց Ձոր|

Եղեգնաձորում բացվել է Վայոց Ձորի մարզի պատմական հուշարձանների լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են «Նորավանք»-ը, «Սմբատաբերդ»-ը, «Զորաց», «Արենի»-ի եկեղեցիները, Օրբելյանների և ավելի վաղ ժամանակաշրջանում կառուցված եկեղեցիների լուսանկարներ։ Տասն օրերի ընթացքում ցուցադրությանը կարող են ծանոթանալ ոչ միայն մարզկենտրոն Եղեգնաձորի, այլև՝ մյուս բնակավայրերի դպրոցականները։ Այսօրինակ ձեռնարկումները նպատակ ունեն մատաղ սերնդի մեջ սերմանելու նվիրվածություն մշակույթի, սեփական պատմության ու արժեքների նկատմամբ, ինչպես նաև հայրենասիրական ոգով կրթադաստիարակչական աշխատանքները բարձրացնել նոր որակական աստիճանի։ Սա յուրատեսակ վերազարթոնք է մշակույթի միջոցով և հատկապես՝ երկրի վաղվա օրվա պատասխանատուների համար։  Ցուցահանդեսը մեկնարկն է ՀՀ պատշպանության, կրթության և գիտության ու մշակույթի նախարարների՝ այս տարվա հունվարին ստորագրած համատեղ հրամանով իրագործվող մարզային միջոցառումների։ Փաստաթուղթը տվյալ ոլորտներում գործակցությունն ամրապնդելու, պատմամշակութային արժեքները պահպանելու և պատանիների ու երիտասարդների քաղաքացիական, ռազամահայրենասիրական դաստիարակության գործընթացը բարելավելու մասին է։

Ցուցահանդեսը այնուհետ կտեղափոխվի Գլաձորի միջնակարգ դպրոց, ապա՝ բանակային կորպուսի զորամաս։

Միջոցառմանը ներկա են եղել ու ելույթով հանդես եկել «Պատմամշակության արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային կառույցի պատասխանատու Մելանյա Դովլաթյանը, քաղաքապետի տեղակալ Վարդգես Հարությունյանը, մարզպետարանի և բանակային կորպուսի ներկայացուցիչներ։