Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի արշավախմբերն աշխատում են ոչ միայն Մեծամորի հնավայրում, այլև Արտաշատում։ Ինստիտուտի երկրորդ արշավախումբն այս տարի ևս ուսումնասիրել է Հայաստանի հին մայրաքաղաք Արտաշատի տարածքի այն հատվածը, որտեղ 1970-ական թվականներին հայտնաբերվել էր Տրոյանոսի հայտնի լատինատառ արձանագրությունը, որտեղ խոսվում է Արտաշատ քաղաքում հռոմեական լեգեոն թողնելու մասին։ Արձանագրությունը հրատարակված է, սակայն դրա գտնվելու վայրը մանրակրկիտ ուսումնասիրված չէ։ Փաստով հետաքրքրված են լեհ հնագետները, որովհետև եթե լեգեոնը կայանել է Արտաշատի մոտ, ապա այդ տարածքում պետք է որ պահպանված լինեին նաև կայատանեղի-ճամբարի մնացորդները։ Լեհական երկրորդ աշավախումբն վերջերս աշխատել է այդ հատվածում. հատուկ սարքերի միջոցով վերևից նկարահանել-սկանավորել տարածքը, ինչը հնարավորություն է տվել ավելի ստույգ տեղորոշելու խնդրո առարկա կառույցի մնացորդները։
Քանի որ հայ-լեհական համագործակցությունն ամուր հիմքերի վրա է, հետևաբար լեհական կողմն առաջարկել է Մեծամոր հնավայրում, մասնավորապես միջնաբերդում, պեղված քաղաքային թաղամասում, բլրի հարավարևելյան լանջին և դամբարանադաշտում ևս իրականացնել նմանօրինակ նկարահանումներ։ ՊՈԱԿ-ի գիտնական -քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի կարծիքով այն հատվածում, որտեղ պեղումներ դեռ չեն արվել, այդ նկարահանումները հնարավություն են տալիս որոշակի տեղեկատվություն ստանալ ստորգետնյա կառույցների մասին։ «Այս աշխատանքները մեզ հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ աշխատել կոնկրետ տարածքում և եզրակացնել, թե մոտավորապես հնավայրի որ հատվածում կարող են կառույցների մնացորդներ պահպանված լինել։ Հենց այդ ուսումնասիրության շնորհիվ էլ 2017 թ. աշնանը Մեծամորի հայ-լեհական հնագիտական աշխավախումբը ավելի արդյունավետ կաշխատի քաղաքային թաղամասում և դամբարանադաշտում», -ասաց Ա.Փիլիպոսյանը։