ԿՈԹԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՄ ԿՈԹԱՎԱՆՔ

ԿՈԹԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՄ ԿՈԹԱՎԱՆՔ

2013-10-03T12:51:33+00:00 June 20th, 2012|Հուշարձաններ|

ԿՈԹԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՄ ԿՈԹԱՎԱՆՔ
Գեղարքունիքի մարզ
Ներքին Գետաշեն գյուղ
պետ. ցուցիչ 4.66.7

Գտնվում է ՀՀ Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն գյուղի արևմտյան քարափին:
Եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի տեր, Վասակ Գաբուռ իշխանի և Մարիամ Բագրատունու որդի Գրիգոր Սուփան II-ը, 851-901 թվականներին:
Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ եռակոնք, արևմուտքից ուղղանկյուն խաչաթևով, չորս անկյուններում խորանավոր երկհարկ ավանդատներով (վերին հարկերը եղել են գաղտնարաններ) գմբեթավոր կառույց է: Արևելյան ավանդատների մուտքերը հյուսիսային ու հարավային աբսիդներից են, արևմտյան ավանդատներինը` ուղղանկյուն խաչաթևից: Արևելյան ճակատին եռանկյունաձև հատվածքի զույգ «հայկական խորշեր» են:
Կառուցված է կոպտատաշ և ճեղքված բազալտով, որոշ հանգույցներ` մեծադիր, մշակված քարերով:
Մուտքերն արևմուտքից և հարավից են, ունեցել են պարսպափակ բակ` կառուցված, ըստ արձանագրության, դեռևս եկեղեցուց առաջ: Սա վկայում է, որ մինչև նշված եկեղեցու հիմնարկումն էլ այնտեղ հուշարձան է եղել: Բակում կան վանական խցերի և այլ շենքերի ավերակներ: Քանդված են գմբեթը և ծածկերը:
Եկեղեցու հարավարևելյան ավանդատան մուտքում, բարավորի փոխարեն, ներսից դրված է 9-րդ դարի առաջին կեսի մի խաչքար, որը նվիրված է սպարապետ Վարդան Մամիկոնյանի հիշատակին: Խաչի հորիզոնական թևերի երկու կողմերում գրված է. ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆ ՆԱՀԱՏԱԿ ՔԻ:
Եկեղեցու վրա եղել է ընդարձակ շինարարական արձանագրություն, որը մեզ է հասել Ստեփանոս Օրբելյանի միջոցով:
Հատակագիծը Սյունիքի ճարտարապետական դպրոցի նվաճումներից է:
Հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության կողմից 1980-ական թվականների վերջերին նախաձեռնվել և սկսվել են եկեղեցու նորոգման աշխատանքներ: Նորոգվել են եկեղեցու պատերը և գմբեթի մի մասը, սակայն 1990 թվականից աշխատանքները դադարեցվել են:

Հիմնական գրականությունը.

Ս. Բարխուդարյան, Դիվան հայ վիմագրության, պրակ 4, Երևան, 1973:

Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները. IX-XIII դարերի խաչքարերը, Երևան, 1984:

Ս. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986:

Ս. Մնացականյան, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան, 1960: