ՊՄՊ Լոռու մարզային ծառայության նախաձեռնությամբ, ակտիվորեն համագործակցելով Տեղական ինքնակառավարման մարմինների հետ, մաքրվել և բարեկարգվել է Օձուն-Ալավերդի ճանապարհի եզրին գտնվող կամ ինչպես տարածաշրջանում է հայտնի՝ «Քարի գլխի» խաչքարի տարածքը։
Թեև միջնադարյան խաչքարը հաշվառված չէ ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և հուշարձանի կարգավիճակ չունի, սակայն 10-13- րդ դարերով թվագրվող միջնադարյան խաչքարի անմխիթար վիճակից ելնելով, ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետ Վարդան Միրզոյանի, պետի տեղակալ, Ալավերդու տարածաշրջանի պատասխանատու Կարեն Յոլչինյանի, Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի, մարզային ծառայության պահապանի մասնակցությամբ կազմակերպվել է խաչքարի անմխիթար վիճակում գտնվող տարածքի մաքրումն ու բարեկարգումը՝ կիրառելով համապատասխան տեխնիկա։ ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետի և Օձունի համայնքապետի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ուժերով իրականացնել խաչքարի հետագա խնամքն ու պահպանությունը։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 2008 թ.-ին վերը նշված միջնադարյան խաչքարը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու նպատակով։