ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

2017-09-08T13:20:41+00:00 July 19th, 2017|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ամփոփել են 2017 թվականի առաջին կիսամյակի աշխատանքները։ Զեկուցումներով հանդես են եկել մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների պատասխանատուները: Նրանք խոսել են հուշարձանների պահպանության ընթացքում ծագող խնդիրների, մասնավորապես հուշարձանների պահպանական գոտիների բացակայության, երբեմն նաև անճշտությունների պատճառով առաջացող խնդիրների ու ՏԻ մարմինների հետ գործակցության մասին:

«Անկախ հանգամանքից, թե ինչ անճշտություններ կան հուշարձանների պահպանական գոտիներում, պետք է առավել հետևողական ու զգոն լինել պահպանությանն առնչվող խնդիրների նկատմամբ, օպերատիվ արձագանքել իրավախախտումներին, տեղեկացնել ՊՈԱԿ-ի տնօրենությանն ու ակտիվ համագործակցել իրավապահների հետ», -իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը:

Հաշվետվություններն ընդունող հանձնաժողովի նախագահը խոսել է նաև հուշարձանի պահապանների կողմից իրականացվող շրջայցերի, հանրահռչակման նպատակով իրականացվող միջոցառումների արդյունավետության բարձրացման մասին:

ՊՈԱԿ-ի մասնաճյուղ որոշ արգելոցներ ու արգելոց-թանգարաններ ենթակառուցվածքների զարգացման խնդիր ունեն` սանհանգույց, ճանապարհ և այլն։ ՊՈԱԿ-ի տնօրենությունը վստահեցրել է, որ առաջիկայում այդ ուղղությամբ աշխատանքներ կիրականացվեն: Քննարկվել է նաև դրանցից մի քանիսում տոմսային տնտեսություն ստեղծելու նպատակահարմարությունը:

Ի դեպ, ՊՈԱԿ-ի երկու խոշոր ՝ «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանները 2017 թ-ի առաջին կիսամյակում զբոսաշրջիկների թվի աճ են արձանագրել:

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը հանձնարարել է ակտիվ քայլեր ձեռնակել զոբոսաշրջիկներին հուշարձաններ ուղղորդելու համար։ Նա առաջարկել է կազմել յուրաքանչյուր մարզի զբոսաշրջային երթուղին, որ հուշարձանից կարելի է սկսել էքսկուրսիան ու ինչպես ուղղորդել Հայաստանը տեսնելու ցանկություն ունեցող օտարերկրացուն: Ա. Թարվերդյանի խոսքով, պետք է հնարավորություն տալ զբոսաշրջիկին տեսնել ու ամբողջական պատկերացում կազմել տվյալ մարզի պատմամշակութային կարևոր հուշարձանների մասին:

Հանձնաժողովը լսել է նաև ՊՈԱԿ-ի բաժինների հաշվետվությունը: Ներկայացվել են կատարված գիտահետազոտական աշխատանքները, ցուցադրությունները, ՊՈԱԿ-ի իրականացրած աշխատանքների հանրահռչակումը, հուշարձանների տարածքներում արձանագրվող օրինախախտումներն ու դրանց իրավական ընթացքը:

Ամփոփելով 2017 թվականի առաջին կիսամյակում իրականացված աշխատանքները ՊՈԱԿ-ի տնօրենությունը հստակ հանձնարարականներ է տվել՝ մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների պատասխանատուներին` ի հայտ եկած թերությունները շտկելու և աշխատանքի նոր ու ավելի սրտացավ գործելաոճ որդեգրելու նպատակով։ Վերջիններիս աշխատանքների մասին գնահատականները հաշվետվությունն ընդունող հանձնաժողովը կներկայացնի ՊՈԱԿ-ի տնօրենի հաստատմանը: