ՊՈԱԿ-Ի ՀՆԱՄԱՐԴԱԲԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՊԵՂՈՒՄՆԵՐԻՆ

ՊՈԱԿ-Ի ՀՆԱՄԱՐԴԱԲԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՊԵՂՈՒՄՆԵՐԻՆ

2017-09-06T16:29:26+00:00 31/08/2017|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի առաջատար գիտաշխատող, հնամարդաբան  Հասմիկ Սիմոնյանն Արցախի հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ենթակայության տակ գործող «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հրավերով, որպես մարդաբան, մասնակցել է Հադրութի շրջանի «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվող հնագիտական պեղումների (արշավախմբի ղեկավար` պ.գ.թ. Նժդեհ Երանյան) ընթացքում բացված մարդաբանական նյութերի պեղման, մաքրման և նախնական ուսումնասիրման աշխատանքներին:

Մարդաբանական նյութերը բացվել են արգելոցի տարածքում գտնվող Սբ Հովհաննես եկեղեցու հարավային բակում՝ եկեղեցուն կից շինության պեղման աշխատանքների ժամանակ: Մարդաբանական նյութերը (թվով 8 կմախք) բացվել են քրիստոնեական թաղումներին բնորոշ դիրքով և ուղղվածությամբ. կմախքները դիադրված էին մեջքի վրա, արևմուտք-արևելք կողմնորոշմամբ:

Ըստ Հասմիկ Սիմոնյանի` պեղված բոլոր կմախքների նախնական  ուսումնասիրությունից պարզվել է, որ արական սեռի են, հասուն տարիքի: Սեռատարիքային բնորոշումներն արվել են ըստ նստատեղի և գանգի ոսկրերի: Կատարվել են նաև յուրաքանչյուր կմախքի ողնաշարի ողերի ծանրաբեռնվածության, տարիքային խեղումների, ինչպես նաև`ատամնաախտաբանական բնորոշումներ: Մարդաբանական նյութերի հետագա ուսումնասիրման համար յուրաքանչյուր կմախքից վերցվել են ԴՆԹ-ի և C14 ռադիոածխածնային անալիզի համար նմուշներ:

Նյութերը հետագայում կենթարկվեն լաբորատոր ուսումնասիրության։