ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ

Հայաստանի անկախության  26-րդ տարեդարձին նվիրված բաց դաս է անցկացվել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։  Երևանի Ֆ. Նանսենի անվան թիվ 150 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներին արգելոց-թանգարանի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը ներկայացրել է հայկական մանրանկարչությունը։

Ցուցադրվել են Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի, Գրիգոր Տաթևացու, Մոմիկի մանրանկարների արտատպումները։ Լ. Հարությունյանը փորձել է աշակերտներին փոխանցել ներկայացված աշխատանքներում պատկերված վշտի, զայրույթի, հպարտության, ուրախության ապրումները, որոնք հայ մանրանկարիչներն այդքան վարպետորեն արտահայտել են իրենց կերպարների միջոցով։ «Հայ ժողովրդի մշակութային ժառանգության մեջ առանձնակի նշանակություն ունի ձեռագիր մատյանների գեղարվեստական հարդարանքը, մասնավորապես մանրանկարչությունը»,- նշել է Լարիսա Հարությունյանը։

Ցուցադրությունը  չի վիրիպել նաև թանգարանի մյուս այցելուների ուշադրությունից։  Էքսկուրսավար Մարինե Մալխասյանը ևս խոսել է հայկական մանրանկարչությունից` օտարերկրացի զբոսաշրջիկներին ներկայացնելով հայ մանրանկարիչների գործերը։ Նա նշել է, որ դրանք ոչ միայն հայ ժողովրդի ազգային մշակույթի հպարտությունն են, այլև իրենց արժանի տեղն ունեն համաշխարհային արվեստի գանձարանում: