ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ

ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ

2018-03-29T15:57:39+00:00 23/09/2017|Կոտայք, Լրահոս|

ՊՄՊ Կոտայքի  մարզային ծառայության և Հրազդանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով Հրազդան  քաղաքի 4-րդ և 5-րդ հիմնական դպրոցների աշակերտների համար կազմակերպվել է էքսկուրսիա  քաղաքի  պատմամշակութային հուշարձանների տարածքներում։

Մարզային ծառայության պետի տեղակալ Արթուր Կիրակոսյանի և Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Այվազյանի ուղեկցությամբ պատանիները եղել են Ջրառատ թաղամասում գտնվող 12-13-րդ  դարերի միջնադարյան եկեղեցու, Հրազդանի միջնադարյան գերեզմանատան, Վանատուր թաղամասի 13-րդ դարի քարավանատան տարածքներում։

Արթուր Կիրակոսյանը դպրոցականներին ծանոթացրել է հուշարձանների պատմությանը,  խոսել դրանց  պահպանության խնդիրների, գանձագողության դեպքերի մասին։ Նա նշել է, որ գանձագողությունը կարող է ոչ միայն անդառնալի վնաս պատճառել հուշարձանին, այլև քրեական պատասխանատվության ենթարկել իրավախախտներին։ Մասնագիտությամբ հնագետ Արմեն Այվազյանն էլ  խոսել է այդ հուշարձանների պատմամշակութային նշանակության մասին։

Հուշարձանների մասին հետաքրքիր ավանդազրույցներ են պատմել աշակերտները, որոնք փոխանցել են մեծերից լսած պատմությունները։

Էքսկուրսիան ավարտվել է հայրենասիրական երգ ու պարով։