ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ՄԵԾԱՄՈՐ» ԵՎ «ԶՎԱՐԹՆՈՑ»

ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ՄԵԾԱՄՈՐ» ԵՎ «ԶՎԱՐԹՆՈՑ»

Գերմանիայի Ժողովրդական բարձրագույն դպրոցների միության Հայաստանի մասնաճյուղի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ), Թանգարանային կրթության կենտրոնի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի` թանգարանային կրթական ծրագրերի դրամաշնորհի շրջանակներում` ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժինն իրականացրել է «Թանգարանային հիշողություներ» խորագրով կրթական ծրագիրը։ Մեծահասակների մշակութային կրթությունը թանգարաններում անցկացնելու նպատակով`կազմակերպվել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչների այցելություն  «Մեծամոր» պատմահնագիտական և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարաններ։   Տարեցների մեծ մասն առաջին անգամ է եղել այդ հուշարձանների տարածքներում։

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում նրանք հնարավորություն են ունեցել ոչ միայն ծանոթանալու մշտական ցուցադրությանը, այլև իրենց ձեռքերում պահելու որոշ ցուցանմուշներ։ Արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ Զաքյանը նրանց պատմել է Մեծամորի հնավայրի պեղումների մասին, ծանոթացրել հայ կին հնագետ, իր գործի նվիրյալ Էմմա Խանզադյանի կատարած հսակայածավալ աշխատանքին, նրա պեղումների արդյունքում գտնված առարկաներին։  Ա. Զաքյանն անդրադարձել է նաև  Մեծամորի, այսպես կոչված, աստղադիտարանին։ Նա պատմել է այդ տարածաշրջանում ապրած մարդկանց կենցաղի, սովորույթների, հավատալիքների մասին։  Տուն-ինտերնատի բնակիչներն անկեղծացել են, որ  տպավորված են հետաքրքիր էքսկուրսիայից։

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի միջոցառումների կազմակերպիչ  Իրինա Մարիտրոսյանի կարծիքով նմանօրինակ նախաձեռնությունները նպաստում են տարեցների օրն ավելի հետաքրքիր ու բովանդակային դարձնելուն․«Մեր տուն-ինտերնատի բնակիչները թանգարաններ գնալու հնարավորություն հաճախ չեն ունենում, վերջին անգամ մեկ տարի առաջ էր, երբ այցելություն էինք կազմակերպել Մատենադարան։ Նրանց մեծ մասն առաջին անգամ է «Մեծամոր»-ում։ Այստեղ են մեր այն բնակիչները, որոնք նախկին մանկավարժներ են, շինարարներ, երաժիշտներ,  մարդիկ, որոնց համար թանգարան այցելությունը շատ հետաքրքիր է»։

Դաս-այցելությունն ավարտվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում, որտեղ  մասնաճյուղի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը ծանոթացրել է 7-րդ դարի տաճարի կառուցման ու ավերման պատմությանը, անդրադարձել` ճարտարապետական առանձնահատկություններին։ Տարեցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու նաև արգելոց-թանգարանի հավաքածուին՝ տաճարի ավերակների պեղումներից մինչև «Զվարթնոց»-ի վերակազմություն։ Տուն-ինտերնատի բնակիչները տաճարին վերաբերող տարբեր հարցեր են ուղղել Լարիսա Հարությունյանին, անգամ`ներկայացրել իրենց լսած ավանդազրույցները։

Տուն-ինտերնատի բնակիչ 76 -ամյա Ռազմիկ Աբրահամյանը ժամանակին դասավանդել է դպրոցում,  տարբեր բուհերում, սակայն ասում է, որ առաջին անգամ էր և՛ «Մեծամոր» պատմահնագիտական, և՛ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններում․ «Շատ տպավորված եմ այս հետաքրքիր միջոցառումից, սա բացառիկ հնարավություն էր մեզ համար ոչ միայն առօրյան բովանդակային դարձնելու, այլև մեր մշակույթի մասին հետաքրքիր տեղեկություններով հարստանալու առումով»։

«Ես «Զարթնոց»-ում եղել եմ մեկ անգամ, շատ տարիներ առաջ, բայց այն ժամանակ էքսկուրսիա չկար։ Այս այցելությունը երբեք չեմ մոռանա, ոչ միայն այն պատճառով, որ մի քանի ժամվա ընթացքում ինչքան բան տեսա, այլև՝ շատ հետաքրքիր ներկայացնելու համար»,- տպավորությունները կիսեց 80- ամյա շինարար Վոլոդյա Մայիլյանը, ով հետո երկար խոսում էր Զվարթնոցի ճարտարապետության մասին։  Հայկական հուշարձաններին ծանոթանալու, դրանց վերաբերյալ հարուստ տեղեկություն ստանալու բացառիկ հնարավորությունը կարևորել է նաև 82- ամյա մանկավարժ Թամարա Կարապետյանը։

Տուն-ինտերնատի բնակիչներն իրենց տպավորությունների մասին խոսել են նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հետ։ Նրանք շնորհակալություն են հայտնել թանգարաններ այցելելու այդ հնարավորության համար և ցանկություն  հայտնել  լինելու նաև Տաթևի վանական համալիրում։