ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

2018-03-29T15:53:44+00:00 25/10/2017|Արարատ, Լրահոս|

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության և ՊՈԱԿ-ի  գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժնի համատեղ ջանքերով  այսօր Արարատի մարզի Սիսավան համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է Արևմտյան Հայաստանի ճարտարապետական հուշարձանների չորս տասնյակից ավել լուսանկարների ցուցադրություն:  Միջոցառմանը մասնակցել են Սիսավանի միջնակարգ դպրոցի 9-12- րդ դասարանների աշակերտները, կրթօջախի մանկավարժները։

Մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը ողջունել է ներկաներին և խոսել հայ ժողովրդի պատմաճարտարապետական ժառանգության մասին։ Նա նաև անդրադարձել է Արևմտյան Հայաստանի տարածքում պահպանված հուշարձանների՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974 թ.-ին արձանագրած վիճակին: Այնուհետև մարզային ծառայության  պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանը կարդացել  է  «Հիշողության վկաներ» խորագրով դասախոսություն, որի ընթացքում նա ևս ներկաներին ծանոթացրել է  Արևմտյան Հայաստանի հուշարձաններին, անդրադառնալով մինչև Առաջին համաշխարհային պատերազմը դրանց թվաքանակին ու պահպանվածության վիճակին, այնուհետև` ցեղասպանության տարիերին դրանց ոչնչացմանը և ներկայացրել հուշարձանների ներկա վիճակը։

Արևմտյան Հայաստանի ճարտարապետական հուշարձանների մասին պատմող լուսանկարների ցուցադրությունը դպրոցում կշարունակվի ևս երեք շաբաթ։ Այդ ընթացքում  կրթօջախի տնօրեն Նարինե Գալստյանի հանձնարարությամբ «Հայ ժողովրդի պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների դասաժամերը կանցկացվեն  ցուցադրությունների դահլիճում, որպեսզի բոլոր աշակերտները հնարավորություն ունենան տեսնելու հուշարձանների լուսանկարները։