ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ «Պատմական հիշողություններ և պատմամշակութային հուշարձաններ» թեմայով բաց դաս է անցկացվել Գեղարքունիքի մարզի Հայրավանք և Բերդկունք համայնքների միջնակարգ դպրոցի 9-12-րդ դասարանների աշակերտների համար: Միջոցառման նպատակը մատաղ սերնդին մեր մշակութային ժառանգությանը ծանոթացնելն է, ինչպես նաև մարզի պատմական և բնապատմական միջավայրը աշակերտներին ճանաչելի դարձնելը:
ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները հետաքրքիր ու բովանդակալից տեղեկատվության միջոցով դպրոցականներին պատմել են տարածաշրջանի վաղ շրջանի բնակիչների կենցաղի, ապրելակերպի, ավանդույթների և վարք ու բարքի մասին:
Աշակերտները ծանոթացել են Հայրավանք և Բերդկունք համայնքների վարչական տարածքներում գտնվող Հայրավանքի ամրոցի, Աղկալայի կիկլոպյան ամրոցի, կիկլոպյան տիպի պարսպի, Հայրավանքի վանական համալիրի, խաչքարերի և տարածաշրջանում գտնվող պատմամշակութային շատ հուշարձաններին, նրանց կառուցման ժամանակաշջանին, պատմական դերին ու նշանակությանը: Բաց դասի ընթացքում աչքի են ընկել նաև դպրոցականները, ովքեր մեծ ոգևորությամբ ներկայացրել են գրականությունից դուրս գրված ավանդապատումներն ու բանահյուսական զրույցները:
ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուների համոզմամբ ստացած գիտելիքները դպրոցականներին կմոտեցնեն մեր ազգային արմատներին ու ակունքներին: Քանզի` հայրենի երկրի մշակույթը ճանաչելը, դրանց պահպանության համար պատասխանատվություն կրելը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է: