ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ

«Սարգիս Մուրադյան» ցուցասրահում ներկայացվել է գեղանկարիչ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանի նոր նախագիծը։ Այն կրում է Մարտակերտի շրջանի Մատաղիսի դիրքերից մեկի անունը, որտեղ թեժ մարտեր էին ընթացել: Նրանք, ովքեր գոնե մեկ անգամ եղել են սահմանի այդ հատվածում, լավ գիտեն, որ այս դիրքերում պատերազմի մասին մտածելու, այն վերլուծելու կամ գնահատելու ժամանակ չկա. կա միայն արագ գործելու հստակ գիտակցում։ 2016թ.-ի ապրիլին հենց այդ դիրքերի մարտական գործողությունների  մասնակից կամավորներից  է  Աշոտ Ավագյանը։

«Այդ օրերին որոշեցի դիրքերում կռվող Սիսիանի տղերքի վերաբերմունքն իմանալ, քանի որ նստելու երկար-բարակ խոսելու ժամանակ չկար: Մարտակերտից ստվարաթղթի կտորներ  բերեցի ու կախեցի դիրքերում և տղաներն այդ օրերի իրենց վերաբերմունքը, կարծիքը, զգացածը, մտահոգությունն ու ոգևորությունը հանձնել էին այդ թղթին։ Ցուցադրության մեջ ընդգրկվել է այն, ինչը ենթակա է հրապարակման», -իր խոսքում ասել է Ա. Ավագյանը։

Ցուցադրությանը ներկայացված են հեղիանկի գեղանկարչական աշխատանքներ, դիրքերում արված լուսանկարներ, մարտական գործողությունների մասին վկայող զինվորական մեքենաների վնասված հատվածներ և այլ իրեր։

Ցուցադրությունը համադրող երիտասարդ Էլլա Կանեգարյանն աշխատել է սահմանի այդ հատվածում կատարվածը դասավորել և ներկայացնել այնպես, ինչպես եղել է` նյութին հնարավորինս քիչ միջամտությամբ։