«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հանձնարարականի համաձայն, ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանի գլխավորությամբ, ծառայության աշխատակիցների և երիտասարդ կամավորների ջանքերով մաքրվել է Աբովյանի տարածաշրջանի Կամարիս գյուղի Սբ. Աստվածածին մատուռի տանիքի բուսածածկը, իրականացվել են սանմաքրման աշխատանքներ։ Մաքրման աշխատանքներին մասնակցել է նաև Կամարիս համայնքի ղեկավար Գոռ Հակոբյանը։
Բուսածածկից մաքրվել են նաև Արարատի մարզի որոշ հուշարձանների պատերն ու տանիքները։ ՊՄՊ Արարատի մարզային ծառայությունը, համագործակցելով Արարատի մարզի տարածքում տեղակայված N զորամասի, ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության մարզային ստորաբաժանման և երիտասարդ կամավորների հետ, իրականացրել է Սուրբ Կարապետ վանական համալիրի և Սուրբ Հովհաննես եկեղեցու պատերի ու տանիքների բուսածածկի մաքրման աշխատանքներ։ Սուրբ Կարապետ վանական համալիրում իրականացվել են նաև տարածքի բարեկարգման աշխատանքներ, հարակից ձորակում տնկվել են ընկուզենու և թթենու տնկիներ:
Միջոցառման ավարտին մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը հետաքրքիր տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի տարածքում հաշվառված հուշարձանների, այդ թվում Արարատի մարզի ու, մասնավորապես, Սուրբ Կարապետ վանական համալիրի մասին։