«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությունն, աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով, առաջիկայում կառուցվածքային փոփոխություններ կիրականացնի «Զվարթնոց» պատմամշակութային, «Մեծամոր» պատմահնագիտական, ինչպես նաև ՊՈԱԿ-ի մասնաճյուղ մյուս արգելոց-թանգարաններում ու մարզային ծառայություններում: Գործընթացը մեկնարկել է, հանդիպումները մարզերում հնարավորություն են տալիս առավել ճշգրիտ ու հստակ պատկերացում կազմել իրականացվելիք փոփոխությունների մասով: Հերթական հանդիպումը ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայությունում էր, որտեղ 146 միավոր հուշարձան (ընդհանուր թվով 204 հուշարձան և ենթահուշարձան) կա:
ՊՈԱԿ-ի ղեկավարությունը ընթացիկ մի շարք հարցերի քննարկումներից հետո, անդրադարձել է ամենաարդիական խնդրին:
ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը նշել է, որ առաջիկայում կմեծանա մարզային ծառայության աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Նա նաև տեղեկացրել է, որ կընդլայնվեն հուշարձանների պահապանների լիազորությունները: Վերջիններս, բացի իրենց ամրակցված հուշարձաններից, պատասխանատվություն կկրեն նաև «Զվարթնոց» պատմամշակութային ու «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանների տարածքներում գտնվող պատմամշակութային արժեքների պահպանության համար:
«Շուրջ 350 հոգու է բախտ վիճակվել պատասխանատվություն կրել մեր մշակութային ժառանգության պահպանության համար: Դուք պետք է կարողանաք հետագայում հպարտությամբ ասել, որ պահպանել եք այդ արժեքները: Համախմբված ու կազմակերպված աշխատանքի շնորհիվ միայն կարող ենք պահպանել ու սերունդներին փոխանցել մեր պատմության քարե վկայությունները», -իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:
Նրա համոզմամբ հուշարձանի պահապանը պետք է լինի նվիրյալ ու պատասխանատու: Նա պարտավոր է իր ձայնը լսելի դարձնել շարքային քաղաքացուն, տեղական ինքնակառավարման ու մարզային կառույցների պատասխանատուներին: Ըստ ՊՈԱԿ-ի տնօրենի` աշխատանքի ճիշտ ու գրագետ կազմակերպմամբ է պայմանավորված հուշարձանների տարածքներում հնարավոր խնդիրների բացառումը:
Անդրադարձ է կատարվել ՊՈԱԿ-ի և «Դիրքապահ» հասարակական կազմակերպության համարգործակցությանը, որի նպատակը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին աշխատանքով ապահովելն է: Արա Թարվերդյանի խոսքով խաղաղությունն ավելի տևական է, քան պատերազմը և խաղաղ պայմաններում ավելի լավ է զինվորագրվել մշակութային հարստության պահպանությանը:
Խորհրդակցության ավարտին ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության պետին հանձնարարվել է, աշխատանքի ավելի արդյունավետ կազմակերպման նկատառումով , մշակել ու համապատասխան առաջարկներ ներկայացնել ՊՈԱԿ-ի տնօրենությանը: