«ԳԱՌՆԻ»-Ն ԿՀԱՆՐԱՀՌՉԱԿՎԻ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

«ԳԱՌՆԻ»-Ն ԿՀԱՆՐԱՀՌՉԱԿՎԻ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

Իտալացի հայտնի ջութակահար ու ալտահար Մարկո Միշանիայի  և  ճանաչված  օպերային  երգիչ,  «Զվարթնոց»  կվարտետի  գեղարվեստական ղեկավար  Տիգրան Կոնինյանի՝  «Գառնի» հեթանոսական  տաճարում  նկարահանված  «Արևի  երգը` Արևի աստծո  տաճարում» տեսահոլովակը  ուղղված  է  Իտալիայի  հասարակությանը:

 

 

Համատեղ  տեսահոլովակ  նկարահանելու  նախաձեռնությունը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանինն է: Իտալացի երաժիշտի հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում կազմակերպության ղեկավարը բարձրաձայնել է իր մտահղացման մասին:  Մարկո  Միշանիան մեծ ոգևորությամբ  է  արձագանքել  առաջարկին, ինչից հետո  համաձայնություն  է  ձեռք  բերվել  հայտնի ջութակահարի  երևանյան  համերգի  կազմակերպիչ  «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ի տնօրենության հետ:

Հայ-իտալական  գործակցությունը  միտված  է  «Գառնի» հենթանոսական  տաճարի  հանրահռչակմանը,  նաև՝  հայկական  մշակութային  ժառանգության  հանդեպ  իտալացի  զբոսաշրջիկների մոտ  հետաքրքություն  առաջացնելուն:

 

 

Տիգրան Կոնինյանը  և  նրա  ղեկավարած  «Զվարթնոց»  կվարտետը  «Պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ի լավագույն բարեկամն են: Տեղացի այցելուները  և  օտարերկրացի զբոսաշրջիկները  «Զվարթնոց»  կվարտետի անզուգական  կատարումները հաճախ կարող են ունկնդրել  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Զվարթնոց»  պատմամշակութային  արգելոց-թանգարանում:

 

Մ. Միշանիայի  և  Տ. Կոնինյանի համատեղ  աշխատանքը  շուտով կներկայացվի հասարակության դատին:

 

 

 

 

Հեղ. Մ.Ավանեսյան