«Լավ եք աշխատել, շնորհակալ եմ ձեր թիմին: Ուզում եմ տեսնել խնդիրների լուծման ռազմավարական մտածողություն: Ձեր խնդիրները շատ են, բավական մարդկային ռեսուրս չկա, տեխնիկական միջոցներ չկան: Բայց պետք է ընդլայնել մատուցվող ծառայությունները: Առնվազն հինգ տարվա բիզնես ծրագիր եմ ակնկալում ձեզանից, երիտասարդ ու լավ թիմ ունեք: Կրեատիվ գաղափարներ եմ ուզում տեսնել` զբոսաշրջիկներին հետաքրքիր ձևով մեր հուշարձանները ներկայացնելու համար: Հետաքրքիր գաղափարներ ներկայացրեք տարբեր հուշարձանների վեաբերյալ», – «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տարեկան աշխատանքների ամփոփ հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղն առաջիկայում կանցնի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ: Մշակույթի նախարարը հստակ հանձնարարական տվեց ՊՈԱԿ-ի տնօրենությանը` սեղմ ժամկետում կազմել ու ներկայացնել զարգացման հեռանկարային ծրագիր:
Հաջորդ հանձնարարականը վերաբերում էր արգելոց-թանգարաններում յուրաքանչյուր շաբաթ միջոցառում անցկացնելուն: Այցելուն հստակ պետք է նախապես իմանա, որ արգելոց-թանգարանում, երբ և ինչ միջոցառում կա: ՊՈԱԿ-ի տնօրենությունը առաջիկայում ՀՀ մշակույթի նախարարին կներկայացնի միջոցառումների պլանը և ժամանակացույցը:
2017 թ. «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում իրականացվել է «Հետաքրքրաշարժ հնագիտություն» գիտակրթական ծրագիրը, որի նպատակը հնագիտության ոլորտի հանրահռչակմանը նպաստելն ու դպրոցականների մոտ վաղ հասակից թանգարան հաճախելու մշակույթ սերմանելն էր: Նմանօրինակ միջոցառում պետք է անցկացնել նաև «Գառնիում» ու «Զվարթնոցում: Նախարար Արմեն Ամիրյանի հաջորդ հանձնարարականն էր: Արդեն այս ամսվա վերջին արգելոց-թանգարանները կհյուրընկալեն դպրոցականներին:
Տարեկան հաշվետվությանը ՊՈԱԿ-ի տնօրենությունը ներկայացրեց նախորդ տարվա ֆինանսական ցուցանիշները: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին 2017 թ. պետբյուջեից տրամադրվել է 368 միլիոն 694 հազար ՀՀ դրամ սուբսիդիա: Արտաբյուջեն պլանավորված է եղել 268 մլն 900 հազար դրամ, մուտք է եղել 301 միլիոն 84 հազար ՀՀ դրամ: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը արտաբյուջեն գերակատարել է 32 միլիոն 184 հազար դրամով։ 2017 թ. ՊՈԱԿ-ը 295 մլն դրամի տոմս է վաճառել: «Առյուծի» բաժինը «Գառնի» արգելոց-թանգարանինն է, երկրորդ տեղում` «Զվարթնոց»-ն է, հետո` «Մեծամոր»-ը:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը տեղեկացրեց, որ գործընկեր կազմակերպության հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել զբոսաշրջիկների երթուղին իրականացնել այնպես, որ հնարավոր լինի արգելոց-թանգարանի տարածքում լուծել նաև սննդի /նախաճաշի և ճաշի հարցը/:
Զբոսաշրջության զարգացմանը խթանելու նկատառումով նախարար Արմեն Ամիրյանն առաջարկեց հետաքրքիր ծրագրեր կյանքի կոչել նաև այլ՝ Դվին, Արտաշատ, Սմբատաբերդ, Բջնի, Աղձք-Ագարակ և այլ հուշարձանների տարածքներում: Նա հույս հայտնեց, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենությունը համապատասխան ծրագիր կներկայացնի:
ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը ևս համակարծիք է հուշարձանների տարածքներում մշակութային կյանքի աշխուժացմանը: Նրա խոսքով, բիզնես պլանի զարգացման նպատակով պետք է լուրջ ուսումնասիրություն կատարել դաշտում:
Ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ այս տարի նախատեսվում է տոմսային տնտեսություն ներդնել «Ամբերդ ամրոց» արգելոցում, «Լոռի բերդ» պատմամշակութային հուշարձանի տարածքում: Կառավարության որոշմամբ նախորդ տարեվերջին Ամբերդը արգելոցի կարգավիճակ ստացավ և առաջիկայում այնտեղ լուրջ աշխատանքներ կիրականացվեն:
ՀՀ մշակույթի նախարարն ակնկալում է, որ ՊՈԱԿ-ը նաև այս հուշարձանի այցելուների համար հետաքրքիր ծրագիր կներկայացնի, մանավանդ, որ Ամբերդի զբոսաշրջիկների թիվը քիչ չէ:
Շատ հաճախ տուրօպերատորները մեր երկրի պատմամշակութային ժառանգությունը տեսնելու եկած օտարերկրացուն ոչ ճիշտ տեղեկություններ են փոխանցում հուշարձանների մասին և ինչն անթույլատրելի է: Հաշվետվության ընթացքում իր մտահոգությունը նախարար Ամիրյանին ներկայացրեց ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, ասելով, որ կան հաստատված էքսկուրսիոն տեքստեր, որոնցով առաջնորդվում է «Պահպանության ծառայությունը»: Նախարար Ամիրյանն առաջարկեց լիցենզավորման կարգ սահմանել:
«Դա ձեզանից լուրջ աշխատանք կպահանջի, հուշարձանի մասին էլ ինֆորմացիան չի խեղաթյուրվի», -իր խոսքը եզրափակեց Արմեն Ամիրյանը: