ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2018-05-22T15:14:34+00:00 07/04/2018|Լրահոս|

 «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների շարքերն առաջիկայում  կհամալրեն ապրիլյան  քառօրյա  պատերազմի  մասնակիցներից  մի  քանիսը:  Հայրենիքի սահմաններն  անսասան  պահած  մեր  հերոս  տղաները Երևանում ու մարզերում «կզինվորագրվեն»  մշակութային  ժառանգության պահպանության գործին:

 

Նախաձեռնությունը  ՊՈԱԿ-ի  տնօրեն Արա  Թարվերդյաննին է: Երիտասարդներին  աջակցելու  հարցերը  նախապես  քննարկվել  են «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների  միավորում  հասարակական կազմակերպության  ղեկավար  Մանուել  Մանուկյանի հետ:

Ողջունելով  երիտասարդներին  ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը նշել է, որ ակտիվություն  է  ակնկալում  նրանցից:  Նա  խոսել է  կազմակերպության գործառույթների, խնդիրների և  հուշարձանի պահապանների  պատասխանատվության մասին:

ՊՈԱԿ-ի  տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը մանրամասնել  է այն աշխատանքը, որ կատարում են մարզային ծառայությունների պատասխանատուները:

«Հուշարձանների  պահապանները շրջայցերի ընթացքում երբեմն  արձանագրում են ոչ միայն  հուշարձանի պահպանվածությունը, այլև տարածքում առկա կենցաղային աղբի փաստը:  Տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթն է հուշարձանի տարածքից  աղբի  մաքրումը: Այսինքն դուք պետք է համագործակցեք  համայնքների  ղեկավարների, մարզպետարանների հետ», – իր խոսքում ասել է տնօրենի տեղակալը:

Նա  վստահեցրել  է, որ  ոլորտի նվիրյալների  շարքերը համալրելու ցանկություն  ունեցող  երիտասարդները  մշտապես  կունենան  ավագ  ու փորձառու  գործընկերների  աջակցությունը:

Ապրիլյան քառօրյայի մասնակից Հայկ Թորոսյանին ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն առաջարկել է զբոսաշրջության զրգացման ոլորտի ուսումնասիրություն և վերլուծություն կատարել:

«Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ»-ի շրջանավարտը հրաշալի տիրապետում է ոլորտին: Նա խոստացավ այդ ուղղությամբ աշխատել:

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների  միավորում  հասարակական կազմակերպության մյուս  անդամների  հետ  հանդիպում  կկայանա  առաջիկայում: ՊՈԱԿ-ի տնօրենությունը պատրաստ է աջակցել  նաև  նրանց:

Հեղ. Մ. Ավանեսյան