ԱՐՑԱԽՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ

ԱՐՑԱԽՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ

2018-04-12T13:52:42+00:00 12/04/2018|Արցախ, Լրահոս|

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում վերսկսվել են հնագիտական արշավախմբի պեղումները։ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանի փոխանցմամբ Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ ամռանը պեղումները կշարունակվեն նաև Տիգրանակերտում: Մինչ այդ արշավախումբն աշխատում է Նոր Կարմիրավան գյուղի տարածքում հայտնաբերված մարդակերպ կոթողների շրջակա տարածքում:

Հիշեցնենք, որ Արցախի մարդակերպ կոթողները հետազոտողների ուշադրությունն առաջին անգամ գրավել են դեռ անցած դարի 60-ական թվականներին: Այսօր արդեն հայտնի է ավելի քանի 30 նմանատիպ կոթող: Դրանք ուղղանկյուն տափակ երկայնական սալեր են, որոնց մարդու կերպ է տրվել: Այս կոթողները սփռված են հատկապես Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան շրջաններում` Մարտակերտում, դրա շրջակայքում: Մարդակերպ կոթողները թվագրվում են մ.թ.ա. 8-6-րդ դարերով և ամենայն հավանականությամբ հանդիսանում են ռազմիկների կամ ռազմիկ-նախնիների գերեզմանակոթողներ, որոնք կանգնեցվել են դամբարանաբլուրների (կուրգանների) կամ հիմնահողային թաղումների վրա: Կոթողների շրջակայքում պեղումները սկսվել են 2016 թ․։

Արցախի հնագիտական արշավախումբը ղեկավարում է պ.գ.դ. պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը: Նոր Կարմիրավանում աշխատանքներն իրականացվում են հնագետ Նժդեհ Երանյանի գլխավորությամբ: Վերջինիս փոխանցմամբ Նոր Կարմիրավանում պեղումների ժամանակ հայտնաբերված մ.թ.ա. 1 հազարամյակով թվագրվող մարդակերպ քանդակները Արցախի այդ շարքի կոթողների լավագույն օրինակներն են։

Արցախի քարե մարդակերպ կոթողները երկրամասի նախաքրիստոնեական մշակույթի կարևոր օրինակներ են։  Դրանք հավանաբար կանգնեցվել են կոլեկտիվի որևէ անդամի մահվան դեպքում: Խոսքը մարդու մասին է, ով սոցիալական բարձր խավի է պատկանել: Այդ հուշարձանների հետազոտությունը, նրանց հստակ ժամանակագրությունը և էթնոմշակութային պատկանելության խնդիրների քննությունը ոչ  միայն գիտական նշանակություն ունեն, այլև մերժում են ադրբեջանական կեղծարարությունը:

Պեղումներից հայտնաբերված գտածոները ուսումասիրումից ու վերականգնումից հետ կհանձնվեն Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին, ապա` կցուցադրվեն Տիգրանակերտի և Տողի մելիքական ապարանքի թանգարաններում:
Հեղ. Մ. Մակարյան