ԱՆՎՃԱՐ ՍԱՅԼԱԿՆԵՐ` «ԳԱՌՆԻ»-Ի ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱՆՎՃԱՐ ՍԱՅԼԱԿՆԵՐ` «ԳԱՌՆԻ»-Ի ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Գառնի»  պատմամշակութային  արգելոց-թանգարանում  շարունակվում  են բարփոխումները։  Այն  այսօր  այցելուներին  ներկայանում  է  առավել  գեղեցիկ, բարեկարգ  և  հարմարավետ:  Արգելոց-թանգարանի  տարածքում  տևական  ժամանակ  շինարարական  աշխատանքներ ընթացան: Բարեկարգվեց  ու  սալիկապատվեց   ճեմուղին:  Նախկինում  արգելոց  թանգարանի տարածքում շրջելու պարզ  ցանկությունը լուրջ խոչնդոտ էր դառնում սայլակավոր  հաշմանդամ  այցելուների համար:  Նրանք  տեղաշարժվում  էին  միայն  իրենց  ուղեկցողների և արգելոց-թանագարանի  աշխատակիցների  օգնությամբ։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի  նախաձեռնությամբ  վերջերս  նորոգված  ճեմուղու  նոր  սալահատակը  թույլ է տալիս  առանց  ավելորդ  խոչընդոտների  տեղաշարժվել  տարածքում:  Եթե անգամ  հաշմանդամ  այցելուն  արգելոց-թանագարան  է  եկել  առանց  սայլակի,  այստեղ  այդ  մասին  էլ  հոգացել  են։  Մուտքի  մոտ  անվճար  տրամադրվում են  սայլակներ,  որոնց  օգնությամբ  կարող են  շրջել  տարածքում` ծանոթանալ  հայկական ճարտարապետության  գոհարներից  մեկին:

Սա թերևս  միակ նորամուծությունը չէ:  Հաճախ  անձրևային եղանակին  կամ  ամռան տապին արգելոց-թանգարանի տարածքում շրջելու  համար  այցելուն  որոշակի անհարմարությունների առաջ է կանգնում: Խնդիրի լուծումը  գտնվել է:  Այցելուները կարող  են  արգելոց-թանգարանի  մուտքի  մոտ`  կրկին  անվճար  նաև   անձրևանոցներ  վերցնել` այցելության  ավարտին  այն  վերադարձնելով  արգելոց-թանգարանի  աշխատակիցներին:

 

Հիշեցնեք, որ նախորդ  տարի  արգելոց-թանգարանի  տարածքում  ջրագիծ է անցկացվել,  մուտքի  մոտ  տեղադրվել  է  ցուցավահանակ, որի հատուկ գրպանիկներում Հայաստանի  թանգարանների, արգելոցների  ու արգելոց-թանգարանների  մասին  պատմող  ծալաթերթիկներ են:

 

Հեղ. Ն. Եփրեմյան