ՊՄՊ Արարատի մարզային ծառայության և ՊՈԱԿ-ի Մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի նախաձեռնությամբ Թանգարանների միջազգային օրվան նվիրված` «Նուռն ու խաղողը հայ միջնադարյան ճարտարապետության զարդաքանդակներում» խորագիրը կրող լուսանկարների ցուցադրություն է բացվել Վեդու քաղաքային գրադարանում: Ներկայացվել է ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող 15 լուսանկար: Ցուցադրության բացմանը մասնակցել են համայնքի թիվ 2 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ, քաղաքային գրադարանի աշխատակիցներ:
Մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը ներկայացրել է օրվա խորհուրդը, աշակերտներին առաջարկել այցելել Հայաստանի տարբեր թանգարաններ, նաև` ցուցադրության լուսանկարներում պատկերված հուշարձանների տարածքներ («Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, Նորավանքի ու Տաթևի վանական համալիրներ, Պտղնի եկեղեցի)։
ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանը հանդես է եկել «Նուռը և խաղողը հայ միջնադարյան ճարտարապետության զարդաքանդակներում» թեմայով դասախոսությամբ։
«Խաղողի որթերի և նռենու պատկերները, միջնադարյան հայ քանդակագործության մեջ և, ընդհանրապես, հայկական մշակույթի մեջ լայն տարածում գտած ու սիրված զարդանախշեր են և ընկալվում են որպես ազգային խորհրդանիշ», -իր խոսքում նշել է Անահիտ Դալլաքյանը։
ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և Հրազդանի Երկրագիտական թանգարանի համատեղ նախաձեռնությամբ էլ կազմակերպել է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին և թանգարանների միջազգային օրվան նվիրված ցուցավահանակների ցուցադրություն։ «Վիշապաքարերի ուսումնասիրությունների պատմությունը» թեմայով 12 շարժական ցուցավահանակները մարզային ծառայությանը տրամադրել էր ՊՈԱԿ-ը ։
ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանը, տեղակալ Ա. Կիրակոսյանը և քաղաքապետարանի աշխատակից Ա.Այվազյանը անդրադարձել են ներկայացված վիշապաքարերի պատմությանը, մշակութային նշանակությանը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել թանգարանի տնօրեն Ա. Գևորգյանը:
Միջոցառմանը ներկա են եղել Հրազդան քաղաքի մշակույթի, սպորտի և կրթության բաժնի պետը, քաղաքապետարանի ու մարզային գրադարանի պատասխանատուներ, Հրազդանի պետական քոլեջի և բժշկական հաստատության ուսանողներ, թիվ 4 հիմնական դպրոցի բարձր դասարանների աշակերտներ։
ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ էլ Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանային գրշերվա շջանակներում Գավառի երկրագիտական թանգարանում, Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում, Սևան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում, Ճամբարակ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում, Վարդենիս քաղաքի Էդվարդ Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում ցուցադրվել է «Գլաձորի համալսարան» փաստավավերագրական ֆիլմը: