«ԳԱՌՆԻ»-ՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ՋՈՒՂԱՅԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱԼԲՈՄԸ

«ԳԱՌՆԻ»-ՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ՋՈՒՂԱՅԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱԼԲՈՄԸ

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Կոնո Տարոն այսօր  այցելել  է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան` ծանոթացել  հայկական  ճարտարապետության  շքեղագույն կոթողներից  մեկի պատմությանը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ Ճապոնիայի ԱԳ նախարարը  շրջել է արգելոց-թանգարանում:  Նրան պատմել են  հեթանոսական  տաճարի, պալատական բաղնիքի ու մյուս հուշարձանախմբերի մասին:  Կոնո  Տարոն  ուշադրությամբ  լսել է ներկայացվող  նյութը, լուսանկարել `  առավել  հետաքրքիր  դրվագները:

Աշխարհի տարբեր անկյուններից  զբոսաշրջիկների  հոսքը  «Գառնի» արգելոց-թանգարան բավականին  մեծ է: Բարձրաստիճան հյուրին  տեղեկացրել են, որ վերջին ամիսներին  ակտիվացել  է  նաև  ճապոնացի  զբոսաշրջիկների  թիվը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն  Արա  Թարվերդյանը Ճապոնիայի  ԱԳ  նախարարին  է  հանձնել կազմակերպության  հրատարակած  «Ջուղա»  հարյուրամյա  ցեղասպանության  վկան քառալեզու ալբոմը, որն  ընդգրկել է ՊՈԱԿ-ում պահպանվող Արամ Վրույրի՝ 20-րդ  դարասկզբի  Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի լուսանկարներ, պատմական ու գիտական տեղեկություններ: ՊՈԱԿ-ի տնօրենը տեղեկացրել է նաև, որ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության արդյունքում այդ  խաչքարերը ոչնչացվել են:

Նշենք, որ քառալեզու  ալբոմին կից ներկայացված է նաև Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին  պատմող` «21-րդ դարի վանդալները» քառալեզու վավերագրական ֆիլմի խտասկավառակը: