«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան է այցելել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են արգելոց-թանգարանի տարածքում, ծանոթացել տաճարի կառուցման պատմությանը, ճարտարապետական նշանակությանը։
Միկաել Ժանը ծանոթացել է նաև արգելոց-թանգարանի գործունեությանը և տաճարի կամարների ներքո վայելել հայկական դուդակի հոգեթով հնչյունները։
Հանդիպման ավարտին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին ու ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանին հանձնել է կազմակերպության հրատարակած «Ջուղա» հարյուրամյա ցեղասպանության վկան քառալեզու ալբոմը։
Արշակ Բանուչյանի և Աշոտ Մովսեսյանի կազմած ալբոմում ներառված են ՊՈԱԿ-ում պահպանվող Արամ Վրույրի՝ 20-րդ դարասկզբի Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի լուսանկարներ, պատմական ու գիտական տեղեկություններ։ Գրքին կից ներկայացված է նաև Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին պատմող`«21-րդ դարի վանդալները» քառալեզու վավերագրական ֆիլմի խտասկավառակը:
Արգելոց-թանգարանից հեռանալուց առաջ Միկաել Ժանը հասցրել է համառոտ ծանոթանալ Արամ Վրույրի լուսանկարներին և չի թաքցրել Ջուղայի խաչքարերի լուսանկարներից ստացած հրաշալի տպավորությունն ու ոգևորվածությունը։